Արցախի Հանրապետության Անկախության հռչակումից 30 տարի անց

IMG_20210902_113221

Արցախի Հանրապետության Անկախության հռչակման հայտարարումից արդեն 30 տարի է անցել։ 2020թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական վայրագություններից վիրավոր Արցախն՝ կորցնելով իր տարածքի 75 տոկոսից ավելին, այսօր  հիշում է դեռ 30 տարի առաջ Անկախության կերտողներին։

Արցախի Հանրապետության Անկախության հռչակումից  30 տարի անցԱրցախի Հանրապետության Անկախության հռչակումից  30 տարի անց

Հետադարձ հայացք ձգելով մեր անցածճանապարհին, ակնհայտ երևում է, թե ինչպիսի ծանր, անհույս թվացող, բայց և հերոսական էր 1991 թվականն արցախցու և ինչու չէ ողջ հայության համար: Անցած տարիներին հայ միասնությունն անցել է բազում խոչնդոտներով լի ճանապարհ, սակայն ունենալով հավատք ազատության գաղափարին նա վստահորեն էր անցնում այդ ուղին:
Երբ 1991 թվականի օգոստոսին ձախողվեց հեղաշրջման փորձը Մոսկվայում, Խորհրդային Միության փլուզումն ավելի արագացավ: Խորհրդային բոլոր հանրապետությունների համար արդեն դարձավ ակնհայտ, որ կայսրության դե յուրե գոյությունը շաբաթների ու ամիսների հարց է ընդամենը: Խորհրդային 15 հանրապետություններից միայն վեցը՝ բալթյան երեք երկրները՝ Լատվիա, Լիտվա, Էստոնիա, ինչպես նաև Մոլդովան, Վրաստանը և Հայաստանը, իրենց անկախությունը հռչակել էին նախքան 1991թ. օգոստոսը: Հատկանշական է, որ մյուս ինը հանրապետությունները, այդ թվում նաև Ադրբեջանը, անկախություն հռչակեցին միայն օգոստոսյան ձախողված հեղաշրջման փորձից հետո:
1991թ.օգոստոսի 30-ին տեղի ունեցած Ադրբեջանի անկախության հռչակումից հետո արցախցին կանգնեց փաստի առաջ: Հայաստանն իր անկախությունը հռչակել էր 1990թ. օգոստոսի 23-ին, Խորհրդային Հայաստանի, այսինքն շուրջ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա՝ առանց Արցախի կամ ինչպես ընդունված էր ասել՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ): Եվ 1991թ. սեպտեմբերին 21-ին, երբ տեղի ունեցած Հայաստանի Անկախության հանրաքվեն ևս անցկացվեց 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա՝ առանց Արցախի: Այսպիսով, 1991թ. Մոսկվայի օգոստոսյան խռովության օրերին Արցախը դե յուրե Հայաստանի մաս չէր, իսկ դե ֆակտո պատերազմի վայր էր հայերի ու ադրբեջանցիների միջև: Դա էլ հիմք հանդիսացավ, որ Արցախին էլ քայլեր ձեռնարկի հռչակելու իր անկախությունը: Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը: Ընդունվեց հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին` հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը: Այդ օրենքի առանցքը ԽՍՀՄ կազմից դուրս գալու հանրաքվեի գաղափարն էր: Եթե միութենական հանրապետությունը ցանկանում է դուրս գալ ԽՍՀՄ կազմից, ինչը թույլատրում էր այդ ժամանակվա սահմանադրության 72-րդ հոդվածը, ապա ընթացակարգը հանրաքվեն է` ժողովրդական քվեարկությունը: Այսպիսով, Արցախն իր անկախությունը հռչակեց դե յուրե գոյություն ունեցող Խորհրդային Միության օրենսդրության տառին ու ոգուն համապատասխան՝ չխախտելով որևէ օրենք և ընթացակարգ: Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության։
Այսպիսով, Արցախն իր անկախությունը հռչակեց դե յուրե գոյություն ունեցող Խորհրդային Միության օրենսդրության տառին ու ոգուն համապատասխան՝ չխախտելով որևէ օրենք և ընթացակարգ և մեծ սպասումներով է նայում աշխարհին նրա կողմից դե յուրե ճանաչման համար:

Նշենք նաև, որ ռազմաքաղաքական և տնտեսական առումով գործնականում Արցախը միացված էր Հայաստանին, որն էլ հանդիսանում էր Արցախի անվտանգության երաշխավորը։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետությունը ճանաչվել է Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրյան Հանրապետության կողմից։

Ամերիկյան տասը, ավստրալիական մեկ նահանգի և Բասկերի երկրի խորհրդարանի կողմից ընդունվել են համապատասխան բանաձևեր՝ ի պաշտպանություն Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի.

  • 17 մայիսի, 2012 թ.՝ ամերիկյան Ռոդ-Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև,
  • 6 օգոստոսի, 2012 թ.՝ ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև,
  • 25 հոկտեմբերի, 2012 թ.՝ ավստրալիական Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդրական խորհրդի բանաձև,
  • 10 ապրիլի, 2013 թ.՝ ամերիկյան Մեն նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև,
  • 30 մայիսի, 2013 թ.՝ ամերիկյան Լուիզիանա նահանգի Սենատի բանաձև,
  • 8 մայիսի և 27 օգոստոսի, 2014 թ.՝ ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Ասամբլեայի և Սենատի համատեղ բանաձև,
  • 12 սեպտեմբերի, 2014 թ.՝ Բասկերի Երկրի խորհրդարանի բանաձև,
  • 3 մարտի, 2016 թ.՝ ամերիկյան Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև,
  • 29 մարտի, 2016 թ.՝ ամերիկյան Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև,
  • 28 սեպտեմբերի 2017 թ․՝ ամերիկյան Միչիգան նահանգի Սենատի բանաձև,
  • 24 ապրիլի, 2019թ.՝ ամերիկյան Կոլորադո նահանգի Սենատի բանաձև
  • 24 ապրիլի, 2021թ.՝ ամերիկյան Այդահո նահանգի Սենատի բանաձև,
  • 30 հուլիսի, 2021թ.՝ ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Սենատի բանաձև։

2019 թ. ապրիլի 24-ին ԱՄՆ Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որում իր սատարումն է հայտնում Արցախի Հանրապետությանը՝ ընդգծելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շրջափակման անթույլատրելիությունը։

Նմանատիպ բանաձևեր ընդունվել են նաև հետևյալ քաղաքների կողմից.

  • 23 ապրիլի, 2013 թ.՝ Ֆրեզնո (ԱՄՆ, Կալիֆորնիա),
  • 10 սեպտեմբերի, 2013 թ.՝ Լոս-Անջելոս (ԱՄՆ, Կալիֆորնիա),
  • 5 նոյեմբերի, 2013 թ.՝ Հայլենդ (ԱՄՆ, Կալիֆորնիա),
  • 20 ապրիլի, 2016 թ.` Հոնոլուլու (ԱՄՆ, Հավայի)։

1999 թ. մարտի 11-ին, Եվրախորհրդարանը ընդունել էր բանաձև, որում նշված էր, որ Արցախի Հանրապետություն հռչակել է իր անկախությունը միութենական հանրապետությունների համանման հայտարարությունների ընդունումից անմիջապես հետո:

2014 թ. նոյեմբերի 3-ին Նավարայի (ինքնավար մարզ/նահանգ Իսպանիայում) խորհրդարանի խոսնակների Խորհուրդը ընդունեց հայտարարություն, որում նշված է, որ Արցախի իշխանությունները պետք է կողմ հանդիսանան ցանկացած բանակցային ձևաչափում, որը կարող է որոշիչ դեր խաղալ երկրի ապագայի հարցում։

Արցախի միջազգային ճանաչումը, լրացուցիչ խթան հանդիսանալով արցախյան պետականության և, մասնավորապես, նրա ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացման ու ամրապնդման համար, դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի և Արցախի միջև հակամարտության կարգավորման վրա:

Դիտումների քանակը: 4251
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին