Կարևոր է խուսափել խաղաղության գործընթացը վտանգող թշնամական հռետորաբանությունից. ԵՄ խոսնակ

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջին մեկ ամսվա ընթացքում ակտիվացել է, Եվրամիությունը ողջունում է այդ փաստը, միևնույն ժամանակ կարևոր է համարում խուսափել այնպիսի քայլերից, այդ թվում՝ թշնամական հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգել խաղաղության գործընթացը: Այդ մասին նշված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պետեր Ստանոյի տարածած հայտարարության մեջ:

«Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կենտրոնացել են մի քանի առանցքային թեմայի վրա, ինչպիսիք են՝ սահմանային, մարդասիրական խնդիրները, հաղորդակցությունները և նախկին ԼՂԻՄ-ի տարածքում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը: Ղեկավարները հրապարակավ վերահաստատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին և Հայաստանի (29,800 կմ2) և Ադրբեջանի (86,600 կմ2) տարածքային ամբողջականությանը:

Ողջունում ենք այս կապակցությամբ մայիսի 22-ին Հայաստանի վարչապետի համարձակ հայտարարությունը և սահմանազատման ուղղությամբ աշխատելու՝ հայկական կողմի հստակ պատրաստակամությունը։ Ողջունում ենք նաև Ադրբեջանի նախագահի՝ մայիսի 25-ի հայտարարությունը։ Քանի որ այս զգայուն հարցերի շուրջ աշխատանքը շարունակվում է, կարևոր է քայլեր ձեռնարկել վստահության ձևավորման ուղղությամբ, բարեխղճորեն ներգրավվել գործընթացում և ցուցաբերել պատրաստակամություն՝ համապարփակ կարգավորման շրջանակում բոլոր հարցերը լուծելու համար:

Չնայած հակամարտության բարդ պատմությանը՝ բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով և երկխոսության միջոցով։ Եվրամիությունը հանձնառու է աջակցելու կողմերին այս գործում»,- նշված է հայտարարության մեջ:

Դիտումների քանակը: 3706
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին