Այսօրվանից Մեծամորի ԱԷԿ-ը 141 օրով կանգնում է

Սույն թվականի մայիսի 15-ին՝ ժամը 00։25-ից սկսվեց ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի կանգը, և ժամը 11։45-ից էներգաբլոկն անջատվեց ՀՀ էներգահամակարգից։ Այդ մասին հաղորդում է ՀԱԷԿ-ի տնօրինությունը։ Համաձայն տեղեկության ատոմակայանը կանգնեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ)` 141 օր տևողությամբ։ Դա պայմանավորված է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ավարտական փուլի աննախադեպ մեծ ծավալի աշխատանքներով: «ՊՆՎ-2021-ի նախատեսվող աշխատանքներին մասնակցելու են ՀԱԷԿ-ի գրեթե բոլոր արտադրամասերի աշխատակիցները, ինչպես նաև Ռուսաստանի, Բելառուսի, Խորվաթիայի, Չեխիայի, Սլովակիայի, Ուկրաինայի և այլ երկրների շուրջ 400 մասնագետներ, որոնք ատոմակայանների համակարգերի և սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեն: Գործընթացում ուրույն դերակատարում ունեն նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորող կոմիտեի (ՀՀ ՄԱԿԿ) մասնագետները», - ասված է հաղորդագրությունում։ Փաստորեն՝ այսօրվանից մինչև հոկտեմբերի 2-ը Հայաստանի էներգետիկ համակարգի համար շատ դժվար փուլ է լինելու։ Բացի այն, որ ատոմային կայանը սովորականից ավելի երկար է կանգնելու, զուգահեռ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը չի աշխատում, նաև, ՀՀ-ն Արցախի Հանրապետությունից 330 մլն կՎտժ էլէներգիա չի ստանալու` 36 ՀԷԿ-րից 30-ն Ադրբեջանի տիրապետության տակ լինելու պատճառով։ Հիշեցնենք, որ դեռ ապրիլին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Չերնոբիլի ատոմակայանի աղետի 35-րդ տարելիցի կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ կոչ է արել «Մեծամորի ԱԷԿ-ի փակման համար համատեղել ջանքերը»: