Հետքում հրապարակված հոդվածի առթիվ քրեական գործ է հարուցվել

Արցախի Հանրապետության նախկին ոստիկանապետ, ԱԱԾ-ի նախկին պետ Կամո Աղաջանյանի վերաբերյալ հրապարակման կապակցությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այդ մասին հայտնում են Արցախի դատախազության մամուլի ծառայությունից։ Համաձայն աղբյուրի քրեական վարույթը նախաձեռնվել է hetq.am կայքում հրապարակված «Կամո Աղաջանյանին կրկին ուզում են պաշտոն տալ Արցախի կառավարությունում» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ։ «Նկատի ունենալով, որ վերոգրյալում առերևույթ առկա են պաշտոնեական դիրքի չարաշահման և պետությանը գույքային վնաս պատճառելու հանցավոր դեպքերի մասին վկայող տվյալներ` հիշյալ հրապարակումն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննության առնելու համար»,– նշված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ։ Հոդվածում նշվել է, որ նախքան 2020 թվականի 44-օրյա պատերազմը Հադրութ քաղաքում գործում էր «ԱԿ» անվանումով ռեստորան, որը պատկանում էր Կամո Աղաջանյանի ընտանիքին, որտեղ աշխատում էր Աղաջանյանի մտերիմ Աշոտ Ամիրջանյանը: «Վերջինս Կամո Աղաջանյանի պաշտոնավարման ողջ ընթացքում ձևականորեն ձևակերպվել ու աշխատավարձ է ստացել տարբեր պետական մարմիններից. նախ՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից, այնուհետև՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից, երբ Աղաջանյանը ղեկավարում էր Գորիսի կորպուսը, իսկ վերջում՝ Արցախի ոստիկանությունից: Այստեղից էլ Աշոտ Ամիրջանյանը անցել է երկարամյա ծառայության կենսաթոշակի: Մինչդեռ «աշխատանքային գործունեության» այդ ողջ ընթացքում Աշոտ Ամիրջանյանը Հադրութում աշխատեցնում էր Կամո Աղաջանյանի ընտանիքին պատկանող ռեստորանը»,– հայտնել է hetq.am լրատվական կայքի թղթակից Վարուժան Գալստյանը։ Բացի այդ, ըստ հրապարակման` Կամո Աղաջանյանը մեծ հողատարածքներ, խանութներ, սննդի կետեր ուներ ազատագրված շրջաններում, փայտի բիզնեսում էր ներգրավված: Հիշեցնենք, որ Կամո Աղաջանյանը ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն էր նշանակվել 2020թ. մայիսի 29-ին, իսկ պաշտոնից ազատվել է դեկտեմբերի 22-ին։