Մանրամասներ Վարդենիսում ԱԹՍ-ի հարվածից տուժած 14-ամյա տղայի վիճակի մասին․ ՀՀ առողջապահության նախարարություն
Հայաստանի Հանրապետության տարածքում` Վարդենիս համայնքում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա, ով մեքենայով գնալիս է եղել դաշտ հողագործական աշխատանքի:
Պատանին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր:
Երեխան ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ։
Ավելի ուշ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից այս մասին հայտնեց, որ․ «Վարդենիս համայնքում բնակվող Արզոյանների ընտանիքն այսօր առավոտյան սովորականի պես գնում էր իրենց հողատարածքը մշակելու։ Ադրբեջանական ԱԹՍ հարվածել է մեքենային։ Ընտանիքի 14-ամյա որդին’ Նարեկը, բեկորային վնասվածքով, ծանր վիճակում տեղափոխվել է Երեւան, վերակենդանացման բաժանմունքում է»։