ՄԱԿ-ն օգնություն կտրամադրի Ղարաբաղյան հակամարտությունից տուժած խոցելի խմբերին

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) օգնության նոր ծրագիր է մեկնարկել` որակելով այն հրատապ։ Ծրագրի նպակն է օգնել Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խոցելի խմբերին: Այս մասին հաղորդել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրությունում նշված է, որ ծրագիրը իրականացվելու է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ։ Աջակցությունը տրամադրվելու է, մասնավորապես, գյուղատնտեսական նշանակության ապրանքների միջոցով, ինչպիսիք են՝ անասնակերը, սարքավորումները և տեղահանված գյուղատնտեսական կենդանիների համար ժամանակավոր կացարաններ կառուցելու նյութերը: «Ծրագիրը կարևոր է, քանզի ընձեռում է արագ արձագանքման հնարավորություն, սակայն առաջիկա գյուղատնտեսական սեզոնի համար ավելի մեծ աջակցություն է անհրաժեշտ»,- նշել է ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն: Նշենք, որ Ղարաբաղյան հակամարտությունից հետո տեղահանված ընտանիքների կողմից Հայաստան են տեղափոխվել, ըստ տարբեր հաշվարկների, 12 000-ից մինչև 55 000 կով և 60 000-ից մինչև 90 000 մանր եղջերավոր կենդանիներ: