Սեպտեմբերի 20-ին ձեռք բերված ռազմական գործողության դադարեցման մասին պայմանավորվածության hամաձայն՝ ներկա դրությամբ աշխատանքներ են իրականացվում 6 ուղղություններով։ Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Ռազմական գործողությունների դադարեցման մասին ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի հետ սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածության hամաձայն՝ ներկա դրությամբ իրականացվում են հետևյալ աշխատանքները.
- Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դուրսբերում մարտական դիրքերից ու տեղափոխում մշտական տեղակայման վայրեր՝ բանակի կազմալուծման աշխատանքների զուգահեռ,
- որոնողական աշխատանքներ զոհվածների ու անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ,
- ծանր և ծայրահեղ ծանր վիրավորների ու հիվանդների տեղափոխում Հայաստանի բուժհաստատություններ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ,
- Արցախ հումանիտար բեռների, բժշկական պարագաների, առաջին անհրաժեշտության ապրանքների և վառելիքի ներմուծում Գորիս-Ստեփանակերտ մայրուղով՝ ռուս խաղաղապահ առաքելության միջնորդությամբ,
- սեպտեմբերի 24-ից էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման աշխատանքների մեկնարկ,
- Արցախի և նրա ժողովրդի ապագայի շուրջ քաղաքական կոնսուլտացիաների կազմակերպում։
Մեր հայրենակիցներին խնդրում ենք պահպանել հանգստություն, չտրվել խուճապի ու սադրանքների»,- գրում է աղբյուրը:
Նշվում է նաև, որ իշխանությունները բոլոր որոշումների ու զարգացումների մասին պարբերաբար կիրազեկեն հասարակությանը:
Թողնել պատասխան