ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված ԱՀ քաղաքացուն վերադարձնելու ուղղությամբ։ Այդ մասին ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել։
«Այսօր ժամը 15։30-ին Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Բերձոր քաղաքի 1953թ. ծնված բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին ժամը 15։00-ի սահմաններում Բերձոր քաղաքի մոտակայքում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի»,–ասվում է հաղորդագրությունում:
Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է նաև ռուս խաղաղապահներին: Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:
Հայտնի է, որ Անդրանիկ Ալեքսանյանն ապրում էր միայնակ։ Նա Բերձորում է հաստատվել 44-օրյա պատերազմից հետո, երբ նրա բնակավայրն ադրբեջանական կողմի հսկողության ներքո է մնացել։
Թողնել պատասխան