Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի Ժնևյան կոնվենցիաները

Ադրբեջանական կայքերում վերջին օրերին տարածվող լուսանկարներն ու տեսանյութերը միշտ չէ, որ կեղծ են։ Այնտեղ ներկայացված են նաև իրական տվյալներ։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում հայտնել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը` վկայակոչելով ՄԻՊ գրասենյակի կատարած վերլուծությունները։

«Այդ տեսանյութերում ու լուսանկարներում տարբեր տեսակի պատերազմական հանցագործություններ են ներկայացված լինում` գերիների ու դիակների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, գլխատման դեպքեր, նաև ռազմագերիներին հանրային հետաքրքրասիրության առարկա դարձնելու դեպքեր»,– նշեց Բեգլարյանը։

Նա նաև անդրադարձավ նախօրեին հրապարակված հայ ռազմագերիների մասին տեսանյութերին ու նշեց, որ դրանցից ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը հայ ռազմագերիների հանդեպ կիրառում է ֆիզիկական ու հոգեբանական ճնշումներ` նրանց ադրբեջանական քարոզչության թեզերը ներկայացնելու համատեքստում։

«Դա միանշանակ անընդունելի է և խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի Ժնևյան կոնվենցիաները։ Այս տեսանկյունից կարևոր է, որ միջազգային հանրությունը պատշաճ ուշադրություն դարձնի այս դեպքերի վրա, որպեսզի կանխարգելի հետագա խախտումներն ու երաշխավորի հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունն Ադրբեջանում ու դիակների նկատմամբ բացառեն անմարդկային վերաբերմունքի ու օտնձգության դեպքերը»,– ասաց Բեգլարյանը։

«Մեր նախնական վերլուծությամբ՝ մոտ 10․500 մասնավոր սեփականություն՝ բնակարան, տուն, խանութ, վնասվել է կամ ամբողջությամբ ոչնչացվել է»,- հայտնեց նա, նշելով, որ 1․500-ից ավելի ենթակառուցվածքային միավոր, հանրային ու արտադրական օբյեկտներ են վնասվել կամ ոչնչացվել: Բեգլարյանի խոսքով՝ 1․100-ից ավելի շարժական գույք է վնասվել, մասնավորապես՝ մեքենա։

«Հաշվի առնելով Հադրութի դեպքը՝ երկու քաղաքացիական անձանց սպանությունը, որի վերաբերյալ տեսանյութը հրապարակվեց ադրբեջանական սոցիալական մեդիայում՝ ռիսկը մեծ է, որ կարող են այլ դեպքեր էլ լինել, որովհետև, մեր տեղեկություններով, անհայտ կորած քաղաքացիական անձինք կան այդ բնակավայրերից: Հաշվի առնելով նաև այն ձեռագիրը, որ կիրառվում է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից՝ վտանգը բավական մեծ է, որ այդ քաղաքացիական անձինք զոհվել են կամ ենթարկվել են խոշտանգումների կամ այլ ռազմական հանցագործությունների»,- ասաց Բեգլարյանը:

Արցախի ՄԻՊ–ն արձանագրեց, որ Ադրբեջանն արդեն երկու անգամ խախտել է մարդասիրական հրադադարի պայմանավորվածությունները ավելորդ խնդիրներից խուսափելու համար։

«Որովհետև ունի բազմաթիվ զոհեր ու չի ցանկանում, որ այդ զոհերը հասնեն իրենց ընտանիքներին, որովհետև վախենում է, որ դա կարող է մեծ ռեզոնանս առաջացնել ադրբեջանական հասարակության մեջ»,– ամփոփեց նա։

Դիտումների քանակը: 4449
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին