ԱՀ նախագահի թեկնածուների համատեղ հայտարարություն

նախագահի թեկնածուներ

ԱՀ նախագահի թեկնածու Ռուսլան Իսրայելյանի՝ Արցախում արտակարգ դրություն մտցնելու և ընտրությունները հետաձգելու ԱՀ նախագահի բոլոր թեկնածուներին ուղղված համատեղ կոչ անելու առաջարկին, ժամը 19:00-ի դրությամբ, արձագանքել են ԱՀ նախագահի ներքոնշյալ թեկնածուները և հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նոր կորոնավիրուս համավարակի տարածման մասին վերջին տեղեկությունները խիստ մտահոգիչ են, ինչը մեզ բերում է այն եզրահանգման, որ այս պայմաններում համապետական ընտրությունների անցկացումը շատ մեծ ռիսկեր է պարունակում։ Առավել ևս ռիսկային գոտուց եկած հարյուրավոր դիտորդների ու զորանոցային ռեժիմից հանած բանակայինների շփումներից բխող վտանգը նկատի ունենալով, ինչն ուղիղ սպառնալիք է ազգային անվտանգությանը։
Միանշանակ դրական ենք գնահատում Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկված միջոցները, այդ թվում՝ արտակարգ դրության հայտարարումը և նախատեսված հանրաքվեի հետաձգումը։ Գտնում ենք, որ համանման միջոցներ անհապաղ պետք է ձեռնարկվեն նաև Արցախում, քանի որ ՀՀ-ի հետ մենք ունենք անվտանգության ընդհանուր միջավայր, ուստի համավարակի դեմ պայքարի տրամաբանությունն ու մարտավարությունը նույնական ու միասնական պետք է լինեն։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ համաճարակի վտանգների թերագնահատումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Դրա պերճախոս վկայությունն է մեր հարևան Իրանում համավարակի տարածման պայմաններում իրավիճակի ոչ համարժեք գնահատումը և ընտրությունների անցկացումը, ինչը տխուր հետևանքների է հանգեցրել։
Գտնում ենք, որ ստեղծված արտառոց պայմաններում Արցախի իշխանությունները պետք է կամք ու վճռականություն դրսևորեն, առաջնորդվեն միայն ու միայն հանրային շահերով, արտակարգ դրություն հայտարարեն՝ դրանից բխող միջոցներ ձեռնարկելով համավարակի հնարավորինս կանխարգելման ուղղությամբ և հետաձգեն ընտրությունները, այլապես ստիպված են լինելու ստանձնել հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը։ Այս պայմաններում Արցախի նախագահի ցանկացած թեկնածուի հաջողությունը պյուռոսյան հաղթանակ է լինելու, քանի որ երկիրը կարող է հայտնվել ծանր իրավիճակում։ Կանխարգելիչ միջոցները շատ ավելի արդյունավետ են ու նվազ կորստաբեր, քան հնարավոր ծանր իրավիճակից երկիրը դուրս բերելու ջանքերը։
Եթե որոշ ուժեր վստահ են, որ անվերապահ հաղթելու են ընտրություններում, ապա շատ ավելի տարակուսելի է ներկայիս մտահոգիչ պայմաններում անպայման ընտրություններ անցկացնելու նրանց ցանկությունը, ինչն առաջին հերթին կասկածի տակ է դնում իրենց այդ վստահությունը և ընտրությունների անցկացման հետ կապված լուրջ կասկածներ առաջացնում մյուսների մոտ։
Մեկ անգամ ևս իշխանություններին կոչ ենք անում սթափ ու համարժեք գնահատել իրավիճակը և պատասխանատու որոշում կայացնել, այն է՝ արտակարգ դրություն հայտարարել և հետաձգել ընտրությունները։
Եթե իշխանությունները պատասխանատու կեցվածք չընդունեն և կամք ու վճռականություն չունենան անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու, ապա հանրությունը ստիպված պետք է լինի ստանձնել պատասխանատվությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկել ընտրական շրջանում համավարակի տարածման կանխարգելման հանրային վերահսկողության ուղղությամբ։ Մենք պատրաստակամ ենք մեր ուժերի ներածին չափ նպաստել նման վերահսկողությանը։
Սա նաև նշանակում է, որ եթե իշխանություններն, այնուամենայնիվ, որոշեն ցանկացած գնով ընտրություներ անցկացնել, ապա կասկածի տակ է դրվելու ընտրությունների լեգիտիմությունը։
Հորդորում ենք նաև Արցախի անվտանգության երաշխավոր ՀՀ իշխանություններին՝ նպաստելու իրավիճակին համարժեք միջոցների ձեռնարկմանն Արցախում։

Այս պահին հայտարարությանը միացել են Մասիս Մայիլյանը, Սերգեյ Ամիրյանը, Քրիստին Բալայանը և Աշոտ Դադայանը

Դիտումների քանակը: 8880
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Մեկ պատասխան “ԱՀ նախագահի թեկնածուների համատեղ հայտարարություն”-ին

  1. Norayr Zuloyan
    1

    բոլոր թեկնածուները ՊԵՏՔ Է!!! Արցախի ՀԵՐՈՍ ԺՈՂՈՎՐԴԻՆ ներկայացնեն իրենց (և իրենց ընտանիքի անդամների) սեփականության վկայականները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan