Եվրոպական միության խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնի և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությունը Հայաստանում է:
ՀՀ ԱԳՆ հետ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին: Այս համատեքստում շեշտվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ հայրենադարձումը:
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ քայլերի ձեռնարկման վերաբերյալ: Միրզոյանը կարևորել է Սոչիի եռակողմ հայատարարությամբ ամրագրված և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ բրյուսելյան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը», — նշում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից, հավելելով, որ հանդիպման ժամանակ ընդգծվել է նաև հրադադարի ռեժիմի լիակատար պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու անհրաժեշտությունը:
ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման շուրջ բանակցությունների լիարժեք վերսկսումը:
Նույն հարցի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս քննարկում է ունեցել Իզաբել Դյումոնի և Տոյվո Կլաարի հետ։
«Ընդգծվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի լիարժեք գործարկման և համանախագահների գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը», — ասված է կառավարության տարածած հաղորդագրությունում:
Տեղեկացնենք, որ ԵՄ պատվիրակությունը երեկ ժամանել էր Բաքու և հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։
Թողնել պատասխան