Աննա Հակոբյանը իր ցավակցությունն է հայտնել Կարինե Աշուղյանի մահվան կապակցությամբ

Ցավակցական

Մահացել է բանաստեղծ Կարինե Աշուղյանը։ Նրա ստեղծագործությունները լույս են տեսել գրական պարբերական մամուլում և տարբեր ժողովածուներում, թարգմանվել են ռուսերեն, պարսկերեն և հոլանդերեն, թուրքերեն,  լեհերեն, անգլերեն և այլ լեզուներով։

Տիկին Աննա Հակոբյանը իր ցավակցությունն է հայտնել Կարինե Աշուղյանի ընտանիքի անդամներին և հարազատներին։

“Մեծագույն ցավ ապրեցի` տեղեկանալով բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, լավ ընկեր Կարինե Աշուղյանի անժամանակ մահվան մասին: Մեծ է նրա ավանդը հատկապես գրական ու թարգմանչական գործում: Նա բացառիկ գեղեցկությամբ և վարպետությամբ է թարգմանել Մարինա Ցվետաևայի, Աննա Ախմատովայի, Նաթելլա Լալաբեկյանի և այլոց ստեղծագործությունները: Իսկ իր` Կարինե Աշուղյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով` աշխարհին ներկայացնելով հայ ժամանակակից գրական միտքը:
Իմ վշտակցությունն եմ հղում Կարինե Աշուղյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին: Կորուստն անդառնալի է, քանի որ մենք կորցրել ենք հրաշալի բանաստեղծի, տաղանդավոր մարդու և լավ ընկերոջ”, — գրել է Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում:

Ուրիշ կյանք

Մի ուրիշ կյանքում երևի
Մեր հոգու-մարմնի քնքշանքից
Տիեզերքն` ավելի խորախոր,
Լուսառատ կդառնար ավելի,
Կծաղկեր ցնծությամբ աստղաշող,

Մի ուրիշ կյանքում երևի
Մեր հոգու-մարմնի քնքշանքից
Երկիրը կպարեր սիրահեղ,
Կդառնար դրախտի վառ պարտեզ:
Մի ուրիշ կյանքում երևի

Գտնեինք իրար այնքան վաղ`
Առաջին սիրարբուն հայացքից,
Առաջին համբույրից սկսած,
Որ հետո ձոնեինք մեկմեկու
Մեր ամեն վայրկյանն ու կյանքը:

Իսկ հիմա, իմ գտած-չգտած,
Ունեցած- չունեցած սիրելի,
Դու` հոգի ու մարմին իմ կիսյալ,
Գիշերվա երազում վայելիր
Մեր կյանքը, որ կգա երևի:

Կարինե Աշուղյան

Դիտումների քանակը: 5067
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին