Ապրիլյան պատերազմից 5 տարի անց…

Տղերքը- Ա.Բ

2016թ-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ ռազմական գործողություններ էր սկսել Արցախի Հանրապետության արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Առավել թեժ մարտեր ընթացան հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում, ինչի հետևանքով հայկական կողմն ավելի քան 110 զոհ ունեցավ:

Ռազմական գործողությունները դադարեցվեցին ապրիլի 5-ի կեսօրին։

Ապրիլյան պատերազմի 5-րդ տարելիցին ԱՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշել է, որ Ադրբեջանը 2016 թ. ապրիլին, խախտելով 1994 թ. Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագիրը կիրառելով իր հարձակողական ողջ զինանոցը, լայնածավալ հարձակում ձեռնարկեց Արցախի Հանրապետության դեմ` թիրախավորելով ինչպես Պաշտպանության բանակի դիրքերը, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներն ու սահմանամերձ բնակավայրերը։

Գերատեսչությունն ընդգծում է նաև, որ Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվել են բազմաթիվ պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, այդ թվում հայ ռազմագերիների և խաղաղ բնակչության դաժան սպանությունները, խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքի բազում դեպքերը:

«Միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ռազմական հանցագործությունների չդատապարտված լինելու հանգամանքը հաջորդ տարիների ընթացքում էլ ավելի սաստկացրեց այդ երկրի ռազմատենչ նկրտումները, ինչի կիզակետը դարձավ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ նոր լայնածավալ պատերազմի սանձազերծումը՝ Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ»,- նշում է ԱԳՆ-ն՝ համոզմունք հայտնելով, որ միջազգային հանրությունը պետք է վճռական գնահատական տա ցայսօր շարունակվող Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը, միջազգային իրավունքի հանդեպ ծայրահեղ անարգանքին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններից հրաժարվելու փորձերին:

Դիտումների քանակը: 4151
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին