Արցախում գործում է արտակարգ իրավիճակ

Լևոն Մնացականյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 21-ին՝ ժամը 11:00-ին, հրավիրել է նոր կորոնավիրուսի տարածման խնդրի վերաբերյալ լսումներ: Ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել են վիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպման հարցերը: Լսումներին, բացի ԱՀ Առողջապահության նախարարից, ներկա էր նաև ԱՀ Ոստիկանության պետը, ով իր ելույթում զեկուցեց, որ մինչ ԱՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունն Արցախի Հանրապետություն մուտք գործելիս անձինք ենթարկվում էին միայն ջերմաչափման, նամանավանդ եթե նրանք հանդիսանում էին այլ պետությունների քաղաքացիներ:

Սակայն դրությունը կտրուկ փոխվեց Բակո Սահակյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո, որի արդյունքում ընդհանրապես արգելվեց ցանկացած ԱՀ և ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքն Արցախի Հանրապետություն:

Հիշեցնենք, որ գոյություն ունեն որոշ պետություններ (օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունը), որոնց քաղաքացիները առանց վիզաների կարող են հաճախել Արցախի Հանրապետություն, ուստի ընդհանրապես արգելելով բոլոր արտերկրյա քաղաքացիների մուտքնի հնարավորությունը ԱՀ, ոստիկանությունը, նախագահի կարգադրությամբ, իրականացնում է սահմանադրությամբ նախատեսված ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակում, ինչն իր հերթին թույլատրելի է միայն արտակարգ իրավիճակի դեպքում: Հիշեցնենք, նաև որ Արցախի Հանրապետությունում գործող բոլոր կրթական հաստատությունները ևս չեն գործելու մինչև ապրիլի 14-ը:

Փաստորեն, ստացվում է, որ Արցախի Հանրապետությունում արդեն իսկ գործում է չհայտարարված արտակարգ իրավիճակ: Այսինքն, արտակարգ իրավիճակը գործում է, բայց չի հայտարարվում միայն այն պատճառով, որպեսզի արցախցիները կորոնավիրուսով վարակվելու սպառնալիքի ներքո մարտի 31-ին, մեկ մարդու նման, ներկայանան ընտրական տեղամասեր, ինչից հետո, հավանաբար, ապրիլի 1-ին կհայտարարվի արտակարգ իրավիճակ: Ինչքանո՞վ է այդ վարվելակերպը թույլատրելի նման պայմաններում և արդյո՞ք տվյալ ոլորտի պատասխանատուները լիովին գիտակցում են այդ գործողությունների պատասխանատվության մասին:

Դիտումների քանակը: 9044
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan