Արդարությունը պահանջում է Արայիկ Հարությունյանի հրաժարականը

արոկա
Արցախի «Արդարություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով պահանջում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Կուսակցությունն իր պաշտոնական էջից հայտարարություն է տարածել՝ բավականին կոշտ կերպով հիմնավորելով հրաժարականի պահանջը։ Հայտարարությունում սեպտեմբերի 27-ին ծավալված պատերազմը որակավորվել էր, որպես միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ և Թուրքիայի բացահատ մասնակցությամբ, Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմ, որի  արդյունքում Արցախը կանգնել է քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական ու ժողովրդագրական մարտահրավերների առջև։ Համաձայն հաղորդագրության պատասխանատվության բեռը կրում են Արցախի և Հայաստանի քաղաքական իշխանությունները, որոնք այդպես էլ չձերբազատվեցին անսխալականության իրենց ազգակործան բարդույթից՝ հայկական երկու պետություններին պատճառելով մարդկային և տարածքային լրջագույն կորուստներ:
«Պատերազմի 44 օրերի ընթացքում, ստահոդ հաղթական լուրերով խաբելով ու մոլորեցնելով ժողովրդին, նրա թիկունքում, գաղտնի, ստորագրվեց կապիտուլյացիայի խայտառակ մի փաստաթուղթ: Արցախի և Հայաստանի քաղաքական իշխանությունները գերադասեցին «Հաղթելու ենք» կարգախոսի կեղծ քարոզչական կրակահերթի տակ թշնամուն թույլ տալ հասնել մինչև Շուշի:
Ցավոք կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթը հրապարակելուց հետո, մինչ օրս պարզ դարձավ, որ ԱՀ նախագահը երկրում հավակնոտ գործողություններ կատարելու փոխարեն, ձեռնամուխ եղավ իշխանությունը պահպանելու և իր տխրահռչակ «արտոնյալ վերնախավի» խնդիրների լուծմանը, որի ձեռքում հարստության և իշխանության կուտակումը հասել է վտանգավոր աստիճանի»,- ասվում է հայտարարությունում:

Հայտարարության մեջ պատմական ակնարկ է արվում 1992 թվականի իրադարձություններին, երբ Արցախի տարածքի շուրջ 60%-ը բռնազավթված էր Ադրբեջանի կողմից, սակայն հնարավոր եղավ բեկում մտցնել կռվում։ Հմուտ կառավարման, ռեսուրսների համախմբման արդյունքում ոչ միայն վերականգնվեց կորսվածը, այլև հաջողվեց ազատագրել հայրենիքի բռնազավթված տարածքների մի մասը։

Մինչդեռ այսօր ստեղծված իրողությունը հասարակությանը ծանր բարոյահոգեբանական վիճակի է հասցրել։ Հանրության մի մասը պնդում է՝ պարտված և երկիրն այս իրավիճակին հասցրած իշխանությունները միանշանակ պետք է հեռանան։
Հայտարարության մեջ նշվում է, որ այս իշխանությունը ոչ միայն պարտված է, այլև «բարոյական լեգիտիմությունից զրկված», ուստի պետք է հեռանա առանց ցնցումների ու նախապայմանների:

«Նախագահի վերջին ուղերձից պարզվում է, որ նա չի ունեցել Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը երաշխավորելու ներքին ու արտաքին բավարար հնարավորություններ և լծակներ, ԱՀ նախագահը, լինելով զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, իրականում չի կառավարել այն»,- նշված է հայտարարության մեջ։

«Արդարություն» կուսակցությունը կարծում է՝ ինչպես Հայաստանում և սփյուռքում մի շարք կառույցներ, համայնքներ, քաղաքացիներ պահանջում են ՀՀ վարչապետի հրաժարականը, նույնը հրամայականը նաև Արցախում է։ Ըստ քաղաքական ուժի՝ Արցախում պետք է ժամանակավոր կառավարության ձևավորվի` ճգնաժամային փուլը հաղթահարելու, ավելորդ սրացումներից խուսափելու համար, ապաարտահերթ համապետական ընտրություններ անցկացնել։

«Չնայած, ԱՀ Սահմանադրությամբ, Հանրապետության նախագահին անվստահություն կարելի է հայտնել նրա կողմից պաշտոնն ստաձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, սակայն առկա իրողությունները բավարար բարոյական հիմք են ընձեռնում նախագահին ինքնակամ հրաժարական տալու համար»,- ընդգծում է քաղաքական ուժն ու հորդորում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին հրաժարական տալ։ Շեշտվում է, որ նա իր պաշտոնավարման ընթացքում չի կարողացել իրացնել սահմանադրությամբ իրեն վերապահված պարտականությունները և ամփոփել է հայտարարությունը հետևյալ կերպ․

«պահանջում ենք, որ ԱՀ նախագահը դրսևորի խոհեմություն, չհայտնվի բարոյական լեգիտիմությունից զրկվածի կարգավիճակում և տա հրաժարական՝ քանզի իր պաշտոնավարման ընթացքում չի կարողացել իրացնել սահմանադրությամբ իրեն ամրագրված պարտականությունները, որի արդյունքում հայ ժողովուրդը կորցրեց հայրենիքի ահռելի մասը, ունեցավ հազարավոր զոհեր և տասնյակ հազարավոր խեղված ճակատագրեր, հայտնվեց բազմաթիվ զրկանքների և հումանիտար աղետի մեջ»:

Դիտումների քանակը: 4802
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին