Պանծալի այս տոները տակավին բեկված սրտերով և վշտացած հոգիներով ենք դիմավորում, քանի որ դեռ չեն հաղթահարվել Արցախի դեմ սանձազերծված պատերազմի աղետալի հետևանքները, չեն վերադարձել գերությունից մեր զավակները, տեղեկություն չունենք անհայտ կորածների վերաբերյալ, իսկ հազարավոր ընտանիքներ մնացել են առանց զավակների կամ ծնողների: Հայրենական մեծ պատերազմում, Շուշիի ազատագրության և պաշտպանության բանակի հիմնադրման օրերի առիթով իր ուղերձում շեշտել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։
«Մեր աղոթքն ու խոնարհումն ենք բերում զոհված հայրենյաց պաշտպանների անմահ հիշատակին։ Ազգիս դարավոր պատմությունը՝ դժվարություններն ու փորձությունները հաղթահարելու, հաղթանակներ կերտելու բազում վկայություններով, մեզ պատգամ է մատուցում նույն ոգով դիմակայելու մեր ժողովրդի և հայրենիքի դեմ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին։ Ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանության համար մղված պայքարները, որոնց նշանավորումն է այսօր, խորհրդանիշն են համազգային համախմբվածության ու միաբանության, որոնք առավել քան երբեք անհրաժեշտ են բարդագույն այս իրավիճակում, որպեսզի միասնաբար դիմագրավենք հառնած հիմնախնդիրներին և կերտենք վաղվա նոր օրը, լուսավոր ապագան և մեր նոր հաղթանակները»,–նշված է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ։
Գարեգին Բ–ի խոսքով` մեր դարավոր պատմությունը՝ դժվարություններն ու փորձությունները հաղթահարելու, հաղթանակներ կերտելու բազում վկայություններով, մեզ պատգամ է մատուցում նույն ոգով դիմակայելու ժողովրդի և հայրենիքի դեմ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին։
Հիշեցնենք` 1992թ–ի մայիսի 8-ի գիշերը, հայկական ինքնապաշտպանական ուժերը` լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հրամանատարությամբ, չորս ուղղություններից մեկնարկած հարձակողական մանևրով սկսեցին «Հարսանիք լեռներում» ռազմական գործողությունը, որը մայիսի 9-ին պսակվեց Շուշիի ամբողջական ազատագրմամբ:
Հիշեցնենք նաև, որ այսօր լրանում է Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի 77-րդ տարեդարձը։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 հազար հայ, որոնցից 45.000 Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից, ինչը կազմում էր բնակչության 1/3-ը, այդ թվում՝ 1850 կին: 22.000 ղարաբաղցիներ զոհվեցին պատերազմի տարբեր ռազմաճակատներում: Հյուսիսային Արցախից ռազմաճակատ մեկնած հայերի թիվը կազմում է 43.640 (բնակչության 31,2%-ը), իսկ զոհվածների թիվը` ավելի քան 18.000 մարդ կամ զորակոչվածների 41%-ը:
Այսպիսով, Լեռնային Ղարաբաղից և Հյուսիսային Արցախից Մեծ Հայրենական պատերազմում մարտնչեց մոտ 90.000 հայ, որոնցից 40.000 զոհվեցին: Այսինքն՝ Արցախի հայ բնակչության ավելի քան 1/3-ը մեկնեց ռազմաճակատ, իսկ զորակոչվածների 44,4%-ը զոհվեց:
Արցախահայերից Հայրենական պատերազմի տարեգրության մեջ իրենց անունները փառքով պսակեցին թվով 29 Խորհրդային Միության հերոսներ, որոնց շարքում նաև կրկնակի հերոսներ` մարշալ Հովհաննես Բաղրամյանը և փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանը: Թվով 7 արցախցիներ դարձել են Փառքի շքանշանի լրիվ ասպետներ: Ռազմաճակատի տարբեր հատվածներում իրենց ռազմական տաղանդով փայլել են ծնունդով արցախցի ԽՍՀՄ 3 մարշալ, 24 գեներալ, 3 ծովակալ: Մեծ հայրենականի տարիներին ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հովհաննես Տեր-Իսահակյանը (Ի.Ս. Իսակով) եղել է Ռազմածովային նավատորմի ժողկոմի առաջին տեղակալ, նավատորմի գլխավոր շտաբի պետ, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանը` սկզբում բանակի, այնուհետև՝ ռազմաճակատի հրամանատար, ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցը (Ս.Ա. Խուդյակով) եղել է Կարմիր բանակի ռազմական ավիացիայի ռազմաօդային ուժերի շտաբի պետ, օդային բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Միքայել Պարսեղովը` բանակի հրամանատար, այնուհետև՝ ճակատի հրետանու պետ, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը` մոտորացված բրիգադի հրամանատար, այնուհետև` կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Ղազարյանը և գնդապետ Սմբատ Դանիելյանը` բրիգադի, այնուհետև՝ դիվիզիայի հրամանատարներ, գնդապետ Բագրատ Իսահակյանը` տանկային, իսկ Սմբատ Արզումանյանը` պարտիզանական բրիգադի հրամանատարներ,Նելսոն Ստեփանյանը, Սերգեյ Սարդարովը, Ռաֆայել Կապրելյանը` ավիացիայի գնդի հրամանատարներ, Գրիգոր Բաղյանը, Բորիս Մուսայելյանը և Արտավազդ Մարտիրոսովը` հրաձգային գնդի հրամանատարներ, Գուրգեն Մանասյանը` հրետանային և Նիկոլայ Պետրոսյանը` հեծյալ գնդի հրամանատարներ, հետախույզ գեներալ-մայոր Ի. Ի.Աղայանցը նախ Իրանում, այնուհետև Ֆրանսիայում ղեկավարել է գերմանական լրտեսների դեմ տարվող հետախուզական աշխատանքները և այլն:
Թողնել պատասխան