Գերիներին օգտագործում են Հայաստանի վրա ճնշելու համար

Գերի

Ադրբեջանում պահվում է շուրջ 8 տասնյակ հայ գերի, որոնց Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես չեն ընդունում։ Սեպտեմբերի 27-ին հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը` խոսելով 44-օրյա պատերազմի և Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ Բաքվում հայտնված ռազմագերիների մասին։

«Գերիներն այս ընթացքում ենթարկվել են նաև բռնի անհետացման։ Ադրբեջանում պահվող գերիների պաշտոնական թիվը մինչև սեպտեմբերի 13-ի պատերազմի վերսկսումը կազմել է 33, իսկ հիմա ունենք գերեվարման շուրջ 20 նոր դեպք։ Նրանց ճնշող մեծամասնությունը պաշտոնապես նույնականացվել է, և առաջիկայում ՄԻԵԴ-ի միջոցով ևս պատասխաններ են ակնկալվում։ Դրանից հետո կկարողանանք վերջին ագրեսիայի հետևանքով գերության մեջ հայտնվածների հստակ թիվ հայտնել»,- ասաց Սահակյանը։

Նա նշեց` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթանում է միջպետական գործընթաց, որը ներառում է և՛ ռազմագերիների հարցը, և՛ նրանց նկատմամբ վերաբերմունքը, և՛ վերադարձի հնարավորությունը։ Հայ գերիների հարցն անուղղակիորեն քննարկվում է նաև ՄԱԿ-ի արդարադատության դատարանում` ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի համատեքստում։

«Իրավական ջանքերն աննախադեպ են եղել, քանի որ Հայաստանը նախկինում զերծ է մնացել մարդու իրավունքների հարցերով որևէ պետության դեմ միջպետական գործեր ներկայացնելուց։ Պետությունն առաջին անգամ է հանդես գալիս միջազգային իրավական ատյաններում։ Զարգացումներն էլ ցույց են տալիս, որ մեր գերիները դադարել են գերի լինելուց, նրանք արդեն պատանդներ են և օգտագործվում են որպես միջոց Հայաստանի իշխանությունների նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով»,- ասաց Սահակյանը։

Նա նաև ընդգծեց, որ 44-օրյա պատերազմից հետո մինչ օրս Բաքվից 156 գերի է հայրենադարձվել, դա արվել է ներդրված իրավական և քաղաքական ջանքերի շնորհիվ։

Դիտումների քանակը: 4194
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին