Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, որը հուլիսի 3-ին ձերբակալվել էր

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, որը հուլիսի 3-ին ձերբակալվել էր, գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին հայտնեց Արա Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

Սահակյանի խոսքով՝ քննիչը որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդությունը հիմնավորել էր նրանով, որ «Հայաստան» հիմնադրամում ստուգումներ են կատարվում, եւ անհրաժեշտ է խափանման միջոց կիրառել՝ Արա Վարդանյանի կողմից ստուգումներին խոչընդոտելու հնարավոր ռիսկերը բացառելու համար: «Ի պատիվ ԱԱԾ Քննչական վարչության՝ պետք է ասեմ, որ չնայած միջնորդել էին կալանավորել, սակայն չառարկեցին գրավի կիրառմանը: Սա մեր օրենսդրական բացն է, որ մինչեւ կալանքի միջնորդություն չլինի, ձերբակալվածի նկատմամբ չի կարող գրավ կիրառվել: Այն պարզապես կալանավորման այլընտրանք է կիրառվում»,- նշեց փաստաբանը:

Նշենք, որ Արա Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենգրքի 214 հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն լինելով՝ իր լիազորություններն օգտագործել է կազմակերպության շահերին հակառակ՝ դրանով իսկ էական վնաս պատճառելով հիմնադրամի բարի համբավին եւ հեղինակությանը: Ըստ Սահակյանի՝ մեղադրանքով եւս հիմնավորվել է, որ Արա Վարդանյանը օգտագործելով հիմնադրամի վարկային գծի քարտը՝ 2.5 տարիների ընթացքում շուրջ 130 մլն դրամ գումարն օգտագործել է անկանխիկ փոխանցման եղանակով եւ կանխիկ գումարները մուտքագրել հիմնադրամ: «Ընդ որում՝ մուտքագրել է ամբողջությամբ:

Պետք է ասեմ, որ այս ժամանակահատվածում թյուր կարծիք ձեւավորվեց, որ այդ գումարը հափշտակվել է, բայց հափշտակություն չի եղել, որեւէ գումարի պարտավորություն չկա: Եվ հիմնադրամ գումարները մուտքագրել է պարբերաբար, անկանխիկ եղանակով փոխանցում անելուց հետո, ոչ թե այն բանից հետո, երբ ստուգումներ են եղել»,- ընդգծեց Արա Վարդանյանի պաշտպանը: Լուսինե Սահակյանը հավելեց նաեւ, որ Արա Վարդանյանի մոտ թյուրըմբռնում է եղել, որ վարկային այդ քարտը կարող է օգտագործել, քանի որ քարտի վրա նաեւ իր անունն է եղել: «Նա չի ընդունում մեղադրանքը:

Կարծում եմ՝ նրա գործողություններում հանցակազմ առկա չէ: Չնայած Արա Վարդանյանը քարտն օգտագործելու իրավունք չուներ, ամեն դեպքում, իր գործողություններով հիմնավորում է, որ թյուր կարծիք է ունեցել քարտի օգտագործման հետ կապված: Այլապես կարող էր նոր քարտ բացել եւ դրանով փոխանցումներ կատարել:

Կազմակերպության շահը, ի վերջո, չի տուժել»,- եզրափակեց փաստաբանը: Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաեւ հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը։ Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը՝ դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:

Ըստ Վարդանյանի՝ վարկային քարտից վատնած միջոցները հետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին, այնուհետեւ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն՝ դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը: Միայն վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 մլն ՀՀ դրամ: Այս պահին «Հայաստան» համահայկական հիմնադրամում կատարվում են ստուգումներ՝ հնարավոր չարաշահումներն ու յուրացումները բացահայտելու, ինչպես նաև հանգանակված գումարների ծախսման օրինականությունը ճշտելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

 

Դիտումների քանակը: 4372
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին