Կոչ ենք արել միավորել միջազգային հանրության ջանքերն՝ անհապաղ հրադադար հաստատելու և ավերիչ պատերազմը կանխարգելելու նպատակով. Բահրեյնի թագավորն արձագանքել է Արմեն Սարգսյանի նամակին

48403_b

Բահրեյնի թագավոր Շեյխ Համադ բին Իսա Ալ Խալիֆան արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից իրեն հղված նամակին: Նախագահ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին նամակներ էր հղել Բահրեյնի Թագավորության թագավորին և արաբական մի շարք երկրների ղեկավարների՝ տեղեկացնելով Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների մասին և նշել միջազգային հարթակներում նրանց ունեցած կապերի ու հեղինակության օգտագործման կարևորությունը՝ դադարեցնելու արյունահեղությունն ու մարդկային տառապանքները:

Բահրեյնի թագավորի պատասխան նամակում մասնավորապես նշվում է.

«Երախտագիտություն ենք հայտնում Ձերդ Գերազանցությանն առ այն, որ կոչ արեցիք մեզ առավելագույն ճիգեր գործադրել և միանալ միջազգային հանրության ջանքերին՝ հրադադար սահմանելու և երկու երկրների միջև և Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը կանխարգելելու համար: Կիսում ենք նաև այն մտավախությունը, որ այդ ցավալի հակամարտությունը կարող է վերածվել ավերիչ երկարաժամկետ պատերազմի այս կարևոր և զգայուն տարածաշրջանում, որին զոհ կգնան քաղաքացիական անձինք, և սպառնալիք կստեղծվի ամբողջ միջազգային անվտանգության համար:

Մենք կիսում ենք Ձերդ Գերազանցության կարծիքը, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, և բանակցություններն ու քաղաքական կարգավորումն առավել ընդունելի են՝ հասնելու համատեղ փոխըմբռնման, կանխելու կորուստները, ինչպես նաև խուսափելու հումանիտար աղետից»:

Թագավորը նշել է, որ Բահրեյնի արտաքին գործերի նախարարությունը համատեղում է ջանքերը Ծոցի երկրների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարության հետ, որը Ծոցի համագործակցության խորհրդի երկրների անունից հրապարակել է հայտարարություն՝ կարևորելով հրադադարի շուտափույթ հաստատումը և կոչ անելով Անվտանգության խորհրդին, որպեսզի ստանձնի միջազգային անվտանգության և խաղաղության հաստատման իր պարտավորությունները:

«Արտաքին գործերի նախարարությունն աշխատում է նաև միջազգային անվտանգությամբ և խաղաղությամբ մտահոգ երկրների հետ՝ կոչ անելով միավորել միջազգային հանրության ջանքերը՝ անհապաղ հրադադար հաստատելու և ավերիչ պատերազմը կանխարգելելու նպատակով»,— ասվում է Բահրեյնի թագավորի նամակում:

Դիտումների քանակը: 4452
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին