ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորումն օրակարգում է. ՀՀ ԱԳՆ

Միրզոյան

ՀՀ կառավարությունը որդեգրել է Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորման, մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ ու կայուն զարգացման դարաշրջան բացելու պետական ռազմավարություն: Նման հայտարարությամբ է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հանդես եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«2021 թվականի ընթացքում մեր բոլոր գործողություններն ուղղված են եղել այդ ռազմավարությունը կյանքի կոչելուն: Մեր նպատակներին հասնելու համար առաջնային էր ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո՝ Արցախի կարգավիճակի և արցախահայության իրավունքների առաջնային ընդգծմամբ»,-  նշել է դիվանագետը` հավելելով, որ 2021 թվականի ընթացքում այս առումով որոշակի հաջողություններ են գրանցվել, մատնանշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների Նյու Յորքում և Փարիզում կայացած հանդիպումները:

«Համանախագահների առաջարկությամբ այդ և հետագա քննարկումները պետք է կենտրոնանային այսպես ասած՝ «փոքր քայլերով առաջ գնալու» մարտավարության, հումանիտար և այլ հարակից խնդիրների լուծման վրա, ապա նաև՝ մեր պնդմամբ արձանագրելով, որ օրակարգում է մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորումը»,- ասաց Միրզոյանը` հիշեցնելով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և համանախագահող երկրները 2021 թվականին ընդունել են 11 հայտարարություն, որոնցում հստակորեն արձանագրվել է, որ ԼՂ հիմնախնդիրը դեռևս լուծված չէ և պետք է կարգավորվի կողմերին հայտնի սկզբունքների տարրերի հիման վրա:

«Այս շարքում ուզում եմ առանձնացնել դեկտեմբերի 7-ին նախագահող երկրների 3 արտգործնախարարների համատեղ հայտարարությունը: Այս հայտարարությունը հանրայնացվեց այն բանից հետո, երբ Ստոկհոլմում ադրբեջանական կողմը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը: Սա, կարծում եմ, էական նրբերանգ է»,- հավելել է Միրզոյանը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը Հայաստանի առաջարկել է հարաբերությունների կարգավորման 5 սկզբունքներ։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ներկայացրել է Ադրբեջանի կողմից առաջադրված սկզբունքների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, ըստ որի` Ադրբեջանի ԱԳՆ առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։ Հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։

Դիտումների քանակը: 4375
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին