Միահամուռ ուժերով եղել եք առաջնագծում և դժվարին ճանապարհ անցել․ Արսեն Թորոսյան

Arsen Torosyan

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ռազմական բժիշկներին շնորհավորել է մասնագիտական տոնի առթիվ: Նախարարն իր երախտագիտությունն է հայտնել պատերազմական այս ծանր օրերին հերոսական աշխատանքի ու բազմաթիվ կյանքեր փրկելու համար:

«Սիրելի’ ռազմական բժիշկներ,

Շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ և երախտագիտությունս հայտնում պատերազմական այս ծանր օրերին հերոսական աշխատանքի ու բազմաթիվ կյանքեր փրկելու համար: Անգնահատելի է ձեր անմիջական մասնակցությունն ու ներդրումը մեր զինվորների ֆիզիկական և հոգևոր առողջական վիճակի պահպանման գործում:

Այս օրերին եզակի համախմբվածություն է ցուցաբերել բժշկական հանրությունը և համախմբելով ողջ ներուժը մեկ գաղափարի ներքո` փրկել հայ զինվորին, կամավորին, խաղաղ բնակչին:

Միահամուռ ուժերով եղել եք առաջնագծում և դժվարին ճանապարհ անցել` անվերապահորեն կատարելով ձեր առաքելությունը:

Չառանձնացնելով որևէ մասնագիտական խումբ և օգտվելով առիթից` մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում բոլոր բուժաշխատողներին` թիկունքն ու առաջնագիծն ամուր պահելու, ոլորտում սխրանքներ գործելու համար:

Խոնարհվում եմ բոլոր զոհված բժիշկների առջև, ովքեր Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում կյանքի գնով իրենց մասնագիտական պարտքն են կատարել, տոկունություն եմ մաղթում նրանց ընտանիքներին և հարազատներին:

Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, իսկ բժիշկներին` քաջառողջություն:

Ամու’ր եղեք` շարունակելով ձեր վեհ առաքելությունը»,- ասված է նախարարի շնորհավորական խոսքում:

Դիտումների քանակը: 4650
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին