Հայաստանի բնակչությունն ընդհանուր առմամբ ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, դա արտացոլված է նաև հասարակական կարծիքի վերաբերյալ հարցումներում։ Նման հայտարարություն է արել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
«Իհարկե, և՛ հայկական, և՛ թուրքական հասարակություններում կան խմբեր, որոնք, այսպես ասեմ, թերահավատորեն են վերաբերվում այս գործընթացին։ Երկու կողմերի պաշտոնյաները պետք է քաղաքական առաջնորդություն ստանձնեն այս խնդիրները հասցեագրելու ուղղությամբ: Նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ իմ հանդիպման ընթացքում մենք կարծիքներ ենք փոխանակել որոշակի զգայուն կետերի վերաբերյալ, և ես հույս ունեմ, որ դրանք հաշվի կառնվեն»,–ասել է Միրզոյանը։
Միաժամանակ նա ասել է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը։
Միրզոյանն ընդգծել է, որ ուրախ է իր թուրք գործընկերոջից լսել, որ իրենց կողմից նույնպես կա քաղաքական կամք՝ գործընթացը տանելու այդ նպատակին։ Նախարարը կարծում է՝ հիմա, երբ իրադարձություններն աշխարհում շատ արագ են զարգանում, չի կարելի վարանել և պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել։
ՀՀ արտգործնախարարի խոսքով` ինքն Անթալիա է այցելել և մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին՝ ևս մեկ անգամ վերահաստատելու ՀՀ կառավարության քաղաքական կամքը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման հասնելու և տարածաշրջանում խաղաղ, կայուն զարգացման դարաշրջան բացելու վերաբերյալ։
Նա նշել է նաև, որ կարգավորման գործընթացը հարթ ընթանա և հասնեն դրական արդյունքների, կարող են փոխայցելություններ լինել։
Այն հարցին, թե որո՞նք են կարգավորման գործընթացի օգուտները հայ և թուրք ժողովուրդների համար` Միրզոյանը պատասխանել է, թե մարդիկ արդեն իսկ օգտվում են Երևան-Ստամբուլ ուղիղ չվերթերից։ Նրա խոսքով` սահմանների բացումն իր դրական ազդեցությունը կունենա երկու երկրների միջև կոմունիկացիոն հաղորդակցության, առևտրատնտեսական հարաբերությունների, մարդկանց միջև շփումների և ընդհանրապես տարածաշրջանում կայունության վրա։
Թողնել պատասխան