Մոտ ապագայում Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպում չի նախատեսվում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը միաժամանակ ընդգծել է, որ Մոսկվան շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների շուտափույթ կարգավորման ուղղությամբ:
«Ռուսաստանը ոչ թե պատրաստ է, այլ անընդհատ արձանագրում է, որ իրավիճակի կարգավորման հարցում աջակցում է երկու պետություններին։ Նաև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում», — ասել Է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե պատրաստ է արդյոք Ռուսաստանը բանակցությունների անցկացման իր հարթակն առաջարկել։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում առաջարկել էր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի փոխարեն շրջանակային համաձայնագիր ստորագրել։ Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրը ենթադրում է սահմանի սահմանազատման ու սահմանագծման ավարտ, իսկ դրա համար կարող են տարիներ պահանջվել։
Բացի այդ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը չի կայանա:
«Երեկ Հիքմեթ Հաջիևը ինձ տեղեկացրել է, որ իր հետ կապ են հաստատել Շառլ Միշելի գրասենյակից և տեղեկացրել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը համաձայնել է միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցության պայմանով։ Դա նշանակում է, որ այդ հանդիպումը չի կայանա», — հայտնել Է Ալիևը։
Թողնել պատասխան