ՄքԴոնալդը հանդիպել է ՀՀ իշխանական և ընդիմադիր ուժերի հետ

պետքարտուղարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի տեղակալ Կարա ՄքԴոնալդին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ Գևորգյանը հանդիպմանն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին:

Մասնավորապես, կարևորել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձը, Արցախում շարունակաբար վանդալիզմի ենթարկվող հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հրատապ անհրաժեշտությունը:

Ինչպես փոխանցում են ՀՀ ԱԳՆ-ից կողմերը կարևորել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ոլորտում հայ-ամերիկյան երկխոսության հետագա զարգացումը։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ով որոշ տեղեկություններով, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումից առաջ այցելել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչություն։

Հավելենք, որ Կարա ՄքԴոնալդը հանդիպել է նաև ընդդիմադիր պատգամավորներին։ Ինչպես հայտնում է «Հայաստան» խմբակցության ֆեյսբուքյան էջը, հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ Արամ Վարդևանյանը, Աննա Գրիգորյանը, Գեղամ Մանուկյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

«Զրույցի ընթացքում պատգամավորները ներկայացրել են Հայաստանում տիրող ներքաղաքական, ինչպես նաեւ դատական և իրավապահ, մամուլի և խոսքի ազատության ոլորտներում տիրող իրավիճակը: Հատուկ ուշադրություն է դարձվել խաղաղ ցույցերի ընթացքում իրավապահ մարմինների կողմից գործադրված բռնությունների և վայրագությունների վրա, առանձին մատնանշվել են այն բոլոր իրավախախտումները, որոնք վերջին տարիներին արձանագրվել են դատական համակարգում, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտում: Անդրադարձ է կատարվել նաև լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներին, օրենսդրական բազմաթիվ փոփոխություններով լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու՝ իշխանության քայլերին: Առանձին ուշադրություն է հրավիրվել կալանավորման ինստիտուտի նման ծավալի և երկակի ստանդարտների կիրառմանը»,- նշում են դաշինքից։

Դիտումների քանակը: 4262
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին