Արման Թաթոյանը Հայաստանում Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչությանը պատճառված վնասները

ՄԻՊ+

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության  արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին:

Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու դաժանությունների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների նկատմամբ արգելված կասետային ու քիմիական էլեմենտներ պարունակող զինատեսակների կիրառության, քաղաքացիական ենթակառուցվածքների զանգվածային ավերածությունների վերաբերյալ։

Արման Թաթոյանն ընդգծվել է, որ ադրբեջանական հարձակումներն Արցախի ու Հայաստանի բնակչության նկատմամբ շարունակվում են ուղեկցվել էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով, ինչպես նաև անդրադարձել է այն հանգամանքին, որ մի շարք երկրներում հայատյացության հիմքով ակցիաներ են իրականացվում էթնիկ հայերի դեմ:

«Խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայատյացությունն ու ադրբեջանական զինված ուժերի վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը վկայում են, որ խնդիր է դրված Արցախում իրականացնել էթնիկ զտում ահաբեկչական մեթոդներով»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ Հայաստանի բնակչության շրջանում կա 3 սպանված և 4 վիրավոր, ինչպես նաև առկա են վնասված տներ։

Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի տվյալների՝ Արցախում կա առնվազն 46 սպանված և ավելի քան 144 վիրավոր:

Հանդիպման մասնակիցները ընդգծել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը և ձեռք են բերել համագործակցության նոր պայմանավորվածություններ:

Դիտումների քանակը: 4788
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին