Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն Իրան, անկասկած, շրջադարձային պահ կլինի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար։ Այդ մասին, համաձայն IRNA-ի հաղորդագրության, նշել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ Սաադաբադ պատմամշակութային համալիրում տեղի ունեցած պաշտոնական արարողությունից հետո։
«Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում կովկասյան տարածաշրջանին, որն Իրանի պատմության և քաղաքակրթության մաս է կազմում։ Տարածաշրջանային հարցերի լուծումը պետք է լինի այդ տարածաշրջանի իշխանությունների ձեռքում։ Չեմ կասկածում, որ Հայաստանի վարչապետի այցն Իրան շրջադարձային պահ կլինի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար»,–ասել է Ռայիսին։
Ռայիսին նաև կարևորել է Իրանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական և անվտանգության ոլորտում հարաբերությունների զարգացումը` նշելով, որ իրանական կառավարությունը շեշտը դնում է բարիդրացիության վրա։
Գործակալության տվյալներով՝ երկու պետությունների ղեկավարների բանակցություններից հետո տեղի կունենան պատվիրակությունների բանակցությունները։
Իր հերթին Փաշինյանը նշել է, որ ընդունում է կովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերաբերյալ Իրանի սկզբունքային տեսակետները։ Նրա խոսքով` Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է լինել տարբեր կրոնների հետևորդների միջև խաղաղ համագործակցության և համակեցության հստակ խորհրդանիշ:
«Ես Ռայիսիին տեղեկատվություն եմ տրամադրել Սոչիում երեկ կայացած եռակողմ հանդիպման մասին, և համաձայն եմ Իրանի նախագահի կարծիքի հետ տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման վերաբերյալ»,–ասել է Փաշինյանը։
Նա նաև հավելել է, որ Իրանի իշխանությունները պետք է տեղյակ լինեն այն հարցերի մասին, որոնք քննարկում են բանակցություններում, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով։
Թողնել պատասխան