ՌԴ-ն Կապանում հյուպատոսություն է բացում.Դենիս Գոնչար

Դենիս Գոնչար

Սեպտեմբերին ռուս դիվանագետներն արդեն Հայաստան կժամանեն Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման աշխատանքները տեղում կազմակերպելու համար։ Այդ մասին` ըստ ՏԱՍՍ լրատվական գործակալության, հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների հարցերով զբաղվող չորրորդ դեպարտամենտի ղեկավար Դենիս Գոնչարը։

«Այս նախաձեռնությունը մեր երկրների առաջնորդները հաստատել են մայիսի 25-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ։ Արդեն սեպտեմբերին տարածաշրջան կայցելեն ռուս դիվանագետներ, որոնք կզբաղվեն օպերատիվ հարցերի լուծմամբ անմիջապես տեղում»,– նշել է ռուս դիվանագետը։

Գոնչարը նաև հավելել է, որ Մոսկվայի և Երևանի միջև արտաքին քաղաքական սերտ գործակցություն է հաստատված ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում։

«Եթե խոսենք Երևանի հետ հարաբերություններում ինչ-որ բացասական պահերի մասին, ապա դրանք պայմանավորված են առաջին հերթին ռուս-հայկական գործընկերությանը վնասելու Արևմուտքի երկրների չդադարող փորձերով։ Գործի են դրվում ցանկացած, այդ թվում՝ բացարձակ կեղտոտ մեթոդներ՝ պատժամիջոցներ կիրառելու շանտաժ, անբարեխիղճ մրցակցություն, ամորֆ խոստումներ, որոնցում, ինչպես հայկական ասացվածքն է ասում, «ավելի շատ ծուխ կա, քան խորոված»»,– ասել է Գոնչարը։

Թե ինչով է ավարտվում արևմտյան «բարեկամությունը», ըստ Գոնչարի` աշխարհի տարբեր մասերում, այդ թվում ՝ հետխորհրդային տարածքում, օրինակներով է հայտնի։ Նա շեշտել է, որ ռուսական կողմը հույսը դնում է հայ բարեկամների իմաստնության վրա։

Ռուս դիվանագետն ընդգծել է, որ ՌԴ-ն տրամադրված է, ինչպես և նախկինում, բոլոր խնդրահարույց հարցերը լուծել դաշնակցային ճանապարհով, ուղիղ և անկեղծ երկխոսության շրջանակներում։

Մայիսի 25-ին Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը հավանություն է տվել Սյունիքում ռուսական հյուպատոսության բացմանը։

Հավելենք, որ Կապանում հյուպատոսություն ունի նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը։

Դիտումների քանակը: 3860
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին