Միրզոյանը Կասպրչիկին է ներկայացրել Փառուխ գյուղում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Այդ մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից: «Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Փառուխ գյուղի հատվածում մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժմանը, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողություններին, էթնիկ զտմանն ուղղված այլ քայլերին: Շեշտվել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադարձի անհրաժեշտությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերաբերյալ՝ այդ համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը: