14 վիրավոր ունենք, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արցախի ՄԻՊ

վիրավոր

Այս պահին ճշտված տեղեկություններով` ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով 14 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։ 10 անձանց վիճակը բժիշկների կողմից գնահատվում է թեթև, 1-ը՝ միջին ծանրության, 1-ը՝ ծանր, 2 անձանց վիճակը ծայրահեղ ծանր է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջից հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը` հավելելով, որ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում ծանոթացել է վիրավորում ստացած անձանց առողջական վիճակին։

«Վիրավորների հետ ունեցած առանձնազրույցներից պարզվել է, որ վիրավորման գրեթե բոլոր դեպքերը արձանագրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով»,–գրել է Ստեփանյանը՝ հավելելով, որ հրադադարի պայմաններում զինվորական անձնակազմի նկատմամբ նման գործողությունները ևս պետք է դիտարկվեն որպես հանցագործություններ և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ։

Նրա խոսքով` վիրավորների հետ ունեցած առանձնազրույցրերից պարզ է դարձել, որ նրանցից ոմանք ԱԹՍ-ներով դիտավորյալ թիրախավորվել են այն պահին, երբ փորձել են առաջին օգնություն ցուցաբերել իրենց վիրավորված ընկերներին։

Այսինքն` ադրբեջանական կողմը հարված է հասցրել այն պահին, երբ զինվորականների կողմից իրականացվել է հումանիտար գործողություն։

Ստեփանյանը հավելում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից համակարգային կերպով իրականացվող էթնիկ զտման ու ցեղասպանական գործողությունների պայմաններում Արցախի պաշտպանության ուժերն իրականացնում են ինքնապաշտպանություն՝ ապահովելու Արցախի ժողովրդի կյանքի և գոյության իրավունքը։

Հիշեցնենք մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Նախկինում հայտնել էին, որ հայկական կողմը ունի 2 զոհ և 5 վիրավոր։ Բացի այդ, Ադրբեջանի ԶՈւ-ն կիրառում է ԱԹՍ-ներ, մասնավորապես, Bayraktar TB-2։

Դիտումների քանակը: 4735
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին