$500 դիմաց դիտավորությամբ չի խոցել հակառակորդի նշանակետերը

Պետական դավաճանության հատկանիշներով հարուցված վարույթներից մեկով կազմվել է եզրափակիչ դատավարական ակտ և քրգործը, մեղադրական եզրակացությամբ, փոխանցվել է դատարան։ Նման հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ն` հայտնելով, որ քրգործով անցնող անձը կալանավորվել է։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, հավաքագրված լինելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, նրանց է փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած ռազմական բնագավառին վերաբերող տեղեկություններ` յուրաքանչյուր ամսվա համագործակցության դիմաց 500 դոլար վարձատրություն ստանալով:

Դրանից հետո, հիշյալ անձը 44-օրյա պատերազմի ընթացքում մասնակցելով պաշտպանության տարբեր տեղամասերում մարտական գործողությունների իրականացմանը և ղեկավարելով ռեակտիվ համակարգերից մեկը, ՀՀ ՊՆ համար N զորամասում իր ղեկավարած մարտական ռեակտիվ համակարգից դիտավորությամբ կատարել է ոչ նպատակային կրակոցներ և չի խոցել հակառակորդի նշանակետերը։

Օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները հիշյալ անձին տրամադրել են իրենց հաղորդակցական կապը քողարկող հավելվածով ծրագրավորված բջջային հեռախոս։ Արդյունքում, անձը տեղեկություններ է տրամադրել ՀՀ–ի կողմից ձեռքբերված ռազմական տեխնիկայի, ռազմամթերքի, պատերազմի ընթացքում ունեցած զինտեխնիկայի կորստի վերաբերյալ։ Նա նաև տեղեկություններ է փոխանցել իր զորամասի դիվիզիոնի զինծառայողների՝ անձնակազմի քանակի, զբաղեցրած հաստիքների մասին և փաստաթղթեր փոխանցել:

Աղբյուրը նաև նշում է, որ հիշյալ անձը պայմանավորվել էր 4000 դոլար վարձատրության դիմաց հանձնել պետական գաղտնիք հանդիսացող ՀՀ ՊՆ համար N զորամասի գաղտնի դրոշմագրով մարտական պատրաստվածության պլանը, քարտեզները և մարտական կարգադրությունները։ Բայց չի կարողացել հանցավոր գործունեությունն ավարտին հասցնել, քանի որ բացահայտվել է ՀՀ ԱԱԾ–ի կողմից:

«Նույն անձը պատերազմի ընթացքում վարելով ռեակտիվ համակարգի ավտոմեքենան, այլ մեքենայով կտրուկ հետընթաց է կատարել և հետնամասով բախվել է հիշյալ ավտոմեքենային՝ վնասելով այն և դրա վրա բեռնված ռեակտիվ արկերը։ Դրա հետևանքով հիշյալ ռազմական տեխնիկան 44-օրյա պատերազմի ընթացքում տևական ժամանակ չի օգտագործվել մարտական խնդիրների լուծման նպատակով»,–ասված է հաղորդագրության մեջ` շեշտելով, որ առկա են բավարար ապացույցներ։

Միաժամանակ, ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ միայն 2022-ի ընթացքում պետական դավաճանություն կատարելու դեպքերով հարուցված քրեական վարույթներով մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել ընդհանուր 8 քրեական վարույթներ 15 անձանց վերաբերյալ։

Հարուցված այլ վարույթներով նախաքննությունը շարունակվում է։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը` հաշվի առնելով հանրային լայն շրջանակների հետաքրքրությունը, նշում է, որ պարբերաբար տեղեկություններ կտրամադրի դրանց ընթացքի և արդյունքների մասին

Դիտումների քանակը: 4013
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին