ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը նշել է, որ աշխատողի իրավունքների որոշ կոպիտ խախտումներ են արձանագրել

Խորհրդակցություն

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն (ԱԱՏՄ) անցկացրել է ղեկավարին կից ստեղծված խորհրդակցական խմբի հերթական հեռավար նիստը: Նշենք, որ աշխատանքային իրավունքների պաշտպանության թեմայով այն անդրանիկ նիստն էր։ Տեսչությունը փոխանցում է, որ կարևորելով պետություն-մասնավոր հատված երկխոսությունը՝ խորհրդակցական այս խմբում ներգրավվել են ներկայացուցիչներ նաև մի շարք ընկերություններից, օրենսդիր մարմնից, գործատուների միությունից, արհմիությունների կոնֆեդերացիայից և բուհերից։ Նման խմբի ձևավորումը նպատակ է հետապնդում բարձրացնել տեսչական մարմնի գործունեության արդյունավետությունը, ինչը կարևորվում է հատկապես այս շրջանում՝ կապված աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ոլորտում տեսչականի գործառույթների ընդլայնման հետ։ Նիստի օրակարգի հիմնական թեման վերաբերել է ԱԱՏՄ նոր գործառույթներին, համավարակի շրջանում նկատված աշխատանքային իրավունքի խնդիրներին, նաև` առաջիկա անելիքներին:

Մեծապես գնահատելով խմբում ընդգրկված մասնագետների պատրաստակամությունը՝ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը շեշտել է, որ օրենսդիրն ու գործադիրը քաղաքական կամք են ցուցաբերել՝ աշխատանքային իրավունքի ամուր պաշտպանության հարցը բերելով օրակարգ։ Տեսչականի գործառույթները, համավարակով պայմանավորված, օրենքով արդեն որոշակիորեն ընդլայնվել են։ ԱԱՏՄ-ն ոլորտի լիազոր մարմին է ճանաչվել, փոփոխվել է տեսչական մարմնի կանոնադրությունը։ Ավագյանը մասնավորապես նշել է, որ աշխատողի իրավունքների որոշ կոպիտ խախտումներ արձանագրելով հանդերձ՝ իրենց գործիքակազմը շատ դեպքերում թույլ չի տալիս դրանցով զբաղվել։ Սակայն ներկայումս աշխատանքի նախկին տեսչության գործառույթները վերականգնվում են։ Մինչ դրանք 2021-ի հուլիսից ամբողջությամբ ուժի մեջ կմտնեն, նրանք պատրաստվում են այդ պարտավորությունը պատշաճ ստանձնելուն։ Նա նշեց նաև, որ ավելացվում են նոր հաստիքները և կազմակերպվում են վերապատրաստումներ:

Համավարակի շրջանում ԱԱՏՄ-ն արդեն ստացել է շուրջ 30 դիմում-բողոք։ Դրանք առնչվել են հարկադիր պարապուրդի համար չվճարելուն, աշխատավարձը չհաշվարկելուն ու չվճարելուն, վերջնահաշվարկ չկատարելուն, աշխատանքից անհիմն ազատելուն և աշխատանքային պայմանագրի լուծման կարգը չպահպանելուն։ Այսօրինակ խնդիրներով զբաղվելուն զուգահեռ՝ ԱԱՏՄ-ն վերահսկողություն և մշտադիտարկում է իրականացնում պարետի սահմանած անվտանգության կանոնների կատարումը պարզելու և դրանց պահպանումն ապահովելու նպատակով։ Ավելի քան 17 հազար մշտադիտարկումը խախտում է արձանագրել շուրջ 6 600 տնտեսվարողի, այսինքն՝ շուրջ 37 տոկոսի մոտ։ Վարակի տարածման տեսանկյունից առավել ռիսկային խախտումների հիմքով պարետի որոշմամբ ավելի քան 2700 տնտեսավարողի նկատմամբ կիրառվել են սահմանափակումներ։

Խորհրդակցական խմբի անդամները բարձր են գնահատել ԱԱՏՄ ջանքերն այս ուղղությամբ ու տարվող գերծանրաբեռնված աշխատանքը։ Միաժամանակ, բարձրացվել են ոլորտին վերաբերող մտահոգիչ խնդիրներ։ Խոսվել է օրենսդրական որոշ փոփոխությունների անհրաժեշտության մասին, ինչին ուղղված առաջարկներն առաջիկայում առավել առարկայորեն կդիտարկվեն։ Քննարկվել են ստուգումների մտնելուց առաջ ստուգվողին 3 օր առաջ պարտադիր ծանուցելու նորմը վերանայելու ու որոշ բացառություններ սահմանելու և այլ հարցեր։ Նիստի մասնակիցները պատրաստակամություն են հայտնել նպաստել դաշտում վերահսկողության բարելավմանը և աշխատանքային իրավունքի պաշտպանությունն առավել բարձր մակարդակի բերելուն, նաև առաջարկներ են ներկայացրել հետագա գործակցության վերաբերյալ։

Դիտումների քանակը: 4216
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan