Ադրբեջանն ապացուցեց, որ ինքն է պայթյունի հեղինակը. Փաշինյան

Ադրբեջանն արդեն 1.5 տարի թմբկահարում է, թե փառահեղ հաղթանակ է տարել 44-օրյա պատերազմում, սակայն ամեն ինչ ցույց է տալիս, որ այն փաստը, թե այսքան տառապանքներից ու զրկանքներից հետո Արցախում հենց այսօր, հենց այս պահին շուրջ 117 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունն ու խնդիր է դրված՝ ամեն ինչ անել Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելու համար, կառավարության այսօրվա նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս իմասոտվ խիստ խորհրդանշական է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը, որում ասվում էր, թե Արցախի գազամատակարարման հարցը Ադրբեջանի ներքին գործն է: Եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք այս հայտարարությունը, կնշանակի՝ «միջազգային հանրություն, դուք այս կողմ մի նայեք և թույլ տվեք մենք անարգել միջազգային հանրության համար աննկատ կամ էլ «հակաահաբեկչական գործողությունների» անվան ներքո ավարտին հասցնենք Արցախը էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականության միջոցով հայերից ազատելու քաղաքականությունը»: Նման բան տեղի ունենալ չի կարող ու Հայաստանի դիվանագիտական ծառայությունը, մյուս պաշտոնյաները, քաղաքական ուժերը, լրատվամիջոցները, ՀԿ-ները, անհատները սոցիալական ցանցերի միջոցով վերջին 15 օրվա ընթացքում Արցախում տեղի ունեցածը պետք է ամենայն մանրամասնությամբ ու լայնորեն ներկայացնեն միջազգային հանրությանը»,- հայտարարեց Փաշինյանը:

Փաշինյանը նաև ընդգծել է, որ «Արցախի հերոսական ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը նույնպես, բայց այս գիտակցմամբ պիտի արձանագրել, որ Ադրբեջանն իր գործողություններով նաեւ ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին, քանի որ գազատարի հետ կապված այդ դրվագը միջազգային հանրության համար շատ դիպուկ և համառոտ նկարագրություն է Արցախի հիմնախնդրին»:

Նա ասաց, թե շատերն այս ամենը արձանագրում են՝ հիշեցնելով ու քննադատելով խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իրենց որդեգրած քաղաքականությունը:

«Բայց ուզում եմ աներկբա արձանագրել, որ մեր որդեգրած այդ քաղաքականությունն այլընտրանք չունի, ընդհակառակը, իր այս գործողություններով, զանազան սադրանքներով Ադրբեջանը փորձում է մեզ շեղել խաղաղության օրակարգից՝ տարածաշրջանում նոր էսկալացիաներ, նոր պատերազմներ հրահրելու իր քաղաքականությունը կյանքի կոչելու համար, բայց մենք չպետք է տրվենք այդօրինակ սադրանքներին: Ասել եմ, որ խաղաղության օրակարգը կյանքի կոչելու համար մեզ անհրաժետ են ամուր նյարդեր ու մենք որևէ կերպ մեր հռչակած ռազմավարությունից չպետք է շեղվենք», — նշեց Փաշինյանը:

Դիտումների քանակը: 4568
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին