Ադրբեջանը խոշտանգել է հայ ռազմագերիներին․ Human Rights Watch

2020թ. Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո գերության մեջ հայտնված հայ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական կողմն անթույլատրելի վերաբերմունք է ցուցաբերել, որը կատարվել է ինչպես գերեվարվելու պահին, այնպես էլ տեղափոխելիս և մեկուսարաններում։ Նման փաստարկներ հայտնել է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունն իր զեկույցում:

«Ադրբեջանի իշխանությունները պետք է հետաքննեն անթույլատրելի վերաբերմունքի մասին բոլոր հայտարարությունները և մեղավորներին պատասխանատվության ենթարկեն։ Նրանք նաև պետք է անհապաղ ազատ արձակեն մնացած բոլոր ռազմագերիներին և կալանավորված քաղաքացիական անձանց։ Եվ պետք է տեղեկություններ հաղորդի այն զինծառայողների և քաղաքացիական անձանց գտնվելու վայրի մասին, որոնց կարգավիճակն անհայտ է, սակայն վերջին անգամ նրանց տեսել են ադրբեջանական կալանքի տակ»,- նշված է զեկույցում։

Human Rights Watch-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլիամսոնն ասել է. «Այդ խախտումները, ընդհուպ՝ մինչև խոշտանգումներ, որոնց ենթարկվել են հայ գերիները, վրդովմունք են առաջացնում և հանդիսանում են ռազմական հանցագործություն»։

Human Rights Watch-ը զրուցել է նաև չորս նախկին ռազմագերիների հետ, որոնք մանրամասն պատմել են գերության մեջ գտնվելու ժամանակ իրենց նկատմամբ վերաբերմունքի մասին։ Բոլորը պատմում էին, մինչև գերեվարվելը նրանք վիրավորում էին ստացել, սակայն չնայած դրան գերեվարվելուց հետո երկարատև և անընդհատ կրկնվող ծեծի էին ենթարկվել։ Օրինակ, մեկը հայտնել է, որ իրեն ծակել են սուր երկաթյա ձողով, մյուսը պատմել է այն մասին, թե ինչպես են իրեն մոտ 40 րոպե տևողությամբ տանջել հոսանքով, երրորդը պատմել է կրակայրիչով իրեն բազմաթիվ այրվածքներ պատճառելու մասին: Գերության մեջ ընկնելուց հետո առաջին օրերին բոլորը պահվել են նվաստացուցիչ պայմաններում, նրանց հետ դաժան են վարվել, իսկ ջուր և ուտելիք գրեթե չեն տվել։

Բացի այդ, համաձայն զեկույցի, գերեվարվածներին ասում էին, որ Լեռնային Ղարաբաղն արդեն լրիվությամբ գրավված է ու ադրբեջանական բանակը շարժվում է Հայաստանի ուղղությամբ` դրանով իսկ լրացուցիչ լարվածություններ ու հարազատների մասին անհանգստություն առաջացնում գերեվարվածների մոտ։

Դիտումների քանակը: 4500
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին