Ադրբեջանը ոչնչացնում է հայկական հոգևոր ժառանգությունը ԼՂ-ում. Պետդեպ

Մոխրենիս

2022 թվականին Ադրբեջանում կրոնական ազատության վիճակը բացասական դինամիկա է ունեցել։ Այդ մասին նշվում է Կրոնական ազատության միջազգային հանձնաժողովի (USCIRF) 2022 թվականի դավանանքի ազատության մասին զեկույցում, որը հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Զեկույցում Ադրբեջանը ներառված է հատուկ վերահսկողության տակ գտնվող երկրների ցանկում։

«Միջազգային մարմինները շարունակում են կասկածի տակ դնել Ադրբեջանի կառավարության պատրաստակամությունը՝ պաշտպանելու և պահպանելու կրոնական և մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հարակից տարածքներում»,– ասված է զեկույցում։

Նշվում է նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում, արդեն իսկ արձանագրված հայկական հոգևոր ժառանգության ոչնչացման մասին և օրինակ է բերվում Արցախի Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու (18-19 դդ.) հիմնահատակ ավերումը։

«Փետրվարին այն ժամանակվա մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարեց եկեղեցիներից «կեղծ» հայ առաքելական արձանագրությունները հեռացնելու համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին։ Ըստ երևույթին, միջազգային հանրության վրդովմունքից հետո Ադրբեջանը հրաժարվել է այս ծրագրից, իսկ արդեն մարտի ամսին Եվրախորհրդարանը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և ժխտելու Ադրբեջանի քաղաքականությունը»,– նշվում է զեկույցում։

USCIRF-ն ԱՄՆ կառավարությանն առաջարկում է գումար տրամադրել ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությանը և Բաքվում ԱՄՆ դեսպանատանը՝ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում պաշտամունքի վայրերը և այլ կրոնական կամ մշակութային վայրերը վերականգնելու, պահպանելու և պաշտպանելու համար:

Դիտումների քանակը: 4049
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին