Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի ներառում ԼՂՀ-ն.ՀՅԴ

ՀՅԴ

Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումների ժամանակ արհամարհվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ միջազգայնորեն ճանաչված հիմնական ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ամրագրված և բազմիցս հայտարարված սկզբունքները։ Այս և մի շարք այլ խնդրահարույց հարցեր է բարձրացրել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։

ՀՅԴ-ն նշում է, որ հայտարարությունը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի հանրապետությունների նկատմամբ ուժի շարունակական կիրառման և ագրեսիայի, ինչպես նաև արցախահայության տեղահանման, էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելու ահագնացող սպառնալիքների պայմաններում:

Մասնավորապես նշվում է, որ հայտարարությամբ հաշվի չի առնվել, որ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չի ներառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Ադրբեջանն ու Հայաստանը ԽՍՀՄ-ից անկախացել են տվյալ պահին գործող օրենսդրական ընթակարգերին համապատասխան: Ավելին՝ Ադրբեջանն իր անկախությունը հայտարարել է 1918-1920 թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդության հիման վրա, որի կազմում Լեռնային Ղարաբաղը չի եղել:

Արհամարհվել են նաև Հայաստանի և ԵՄ միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»:

Ընդգծվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավասու չէ տալ համաձայնություն՝ անտեսելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, խախտելով Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը, ինչպես նաև Հայաստանի Գերագույն խորհրդի 1992 թ. հուլիսի 8-ի որոշմամբ ստանձնած հանձնառությունները։ Բացի այդ, ըստ որոշման, Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն կնշվի Ադրբեջանի կազմում:

«Հայաստանի ներպետական օրենսդրության նշված պահանջները ապօրինի շրջանցելով, Նիկոլ Փաշինյանը գերազանցում է իր լիազորությունները, օժանդակում է Արցախի հայաթափման և արցախահայության հայրենազրկման` ալիևյան ռեժիմի քաղաքականությանը, առերևույթ կատարում է առանձնապես ծանր հանցագործություններ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ընդգծվում է, որ նշված հանգամանքների ներքո տրված համաձայնությունները (նախատեսվող պայմանագրերը) Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի ուժով առ ոչինչ են:

«Դիմելով միջազգային հանրությանը՝ կոչ ենք անում մասնակից չդառնալ և թույլ չտալ 21-րդ դարի մարդկության դեմ ուղղված հերթական միջազգային հանցագործությունների իրականացմանը: Ինքնորշումն Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքն է, որը չունի այլընտրանք»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա՝ 86.6 հազար քառ. կմ տարածքով։

Դիտումների քանակը: 3779
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին