Հուլիսի 21-ին աշխարհի 15 երկրներից Հայաստան ժամանած 40 սփյուռքահայ ուսուցիչների, ովքեր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մասնակցում են վերապատրաստման մեկամսյա դասընթացների, հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Հյուրերին ուղեկցում էր համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:
Գարեգին Երկրորդ Հայրապետը իր հայրական օրհնությունն է բերել ուսուցիչներին` մեծապես կարևորելով արդեն ավանդույթ դարձած այս գեղեցիկ նախաձեռնությունը, և հույս է հայտնել, որ այցը Հայաստան և մասնակցությունը դասընթացներին դրական լիցքեր կհաղորդեն նրանց, որն էլ նոր ուժ և ավյուն կտա շարունակելու իրենց բարդ ու դժվարին առաքելությունը:
Հատկանշական է, որ այս տարի Հայաստան ժամանած սփյուռքահայ ուսուցիչների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդներ մասնագետները, ինչը ըստ Վեհափառ Հայրապետի վկայում է, որ նոր սերունդը գալիս է ստանձնելու ավագ սերնդի աստվածահաճո գործը:
Նորին Սրբությունը բարձր գնահատելով հայապահպանության գործում սփյուռքահայ ուսուցիչների դրսևորած նախանձախնդրությունը` շեշտեց, որ այսօրվա և գալիք սերունդների դաստիարակության և կրթության համար մանկավարժները կարևոր պատասխանատվություն են կրում: Բացի այդ, Նորին Սրբությունը հետաքրքրվեց նաև Սփյուռքում գործող հայկական կրթօջախներով և ուսուցիչներին հուզող խնդիրներով:
Հանդիպման ավարտին Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Աստված օրհնի ու քաջառողջ պահի մանկավարժներին՝ իրականացնելու իրենց սրբազան առաքելությունն ի սեր մեր աշխարհասփյուռ ժողովրդի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է 40 սփյուռքահայ ուսուցիչների

Թողնել պատասխան