ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իր պաշտոնական կայքում հրատարակել է Շուշիի որոշ կրթական հաստատություների անուններ․
Վերին թաղի Սբ Հովհաննես—Մկրտիչ եկեղեցու «Թադևոսյան» արական ծխական դպրոց. 1895 թ. հիմնվել է շուշեցի Իսահակ Թադևոսյանի մեկենասությամբ: Երկար չի գոյատևել, քանի որ նույն թվականին ցարական կառավարության հրամանով այն ևս փակվել է և վերաբացվել՝ 1905 թ.` ազգային դպրոցները վերաբացելու թույլտվությունը ստացվելուց անմիջապես հետո: Եղել է «երկսեռ հոյակապ դպրոց», որը 1908-09 ուսումնական տարում ուներ 110 (30-ը՝ աղջիկ), 1912 թվականին՝ 120 աշակերտ, իսկ 1915 թվականին՝ 3 ուսուցիչ և 123 սան: Լինելով հոգաբարձության կազմում` Ի. Թադևոսյանը ոչ միայն «…աւելի քան յիսուն աշակերտի թոշակ, սնունդ և հագուստ էր մատակարարում», այլև դպրոցի գոյատևման համար հատկացրել է 30.000 ռուբլի, որի համար էլ արժանացել է հայրապետական օրհնության կոնդակի: Կուսանաց անապատի ծխական դպրոց. բացման տարեթիվն անհայտ է: 1873 թ. գործել է որպես երկսեռ դպրոց և ուներ 12 տղա և 20 աղջիկ աշակերտ: 1884 թ. ուներ 50 աշակերտ (բոլորն էլ տղա):
«Մարիամ—Ղուկասյան» դպրոց. 1912 թ. շուշեցի մեծահարուստ Աբրահամ, Արշակ, Հակոբ և Պողոս Ղուկասյան եղբայրներն իրենց վաղամեռիկ քրոջ՝ Մարիամի հիշատակը հավերժացնելու նպատակով դիմել են կաթողիկոսին և խնդրել թույլ տալ Շուշիի «Մարիամյան» իգական դպրոցը վերանվանելու «Մարիամ-Ղուկասյան»: Այդ գործի իրականացման համար նրանք «…իրանց սեփական երկյարկանի շինութիւնը, որ 50,000 րուբլուց աւել արժէ, նուիրել են հայոց Մարիամեան օրիորդաց դպրոցին, որ իրանց քրոջ անունով պէտք է անուանվի «Մարիամ-Ղուկասեան», ընդ որում, թե՛ նվիրաբերած առանձնատունը և թե՛ նոր կառուցվելիք որևէ շինություն դպրոցին հատկացրած հողամասի վրա պետք է ծառայեր միայն որպես դպրոցական կառույց և դրվեր Սբ Էջմիածնի տրամադրության ներքո: 1914 թ. դպրոցին հատկացված Ղուկասյանների առանձնատանը կից կառուցվում է ևս 10 դասարան, որի շինարարության համար եղբայրները նվիրաբերել են 30.000 ռուբլի, իսկ դպրոցի կենսագործունեությունը ապահովելուն տրամադրել ոն 200.000 ռուբլի: Աշխատանքները սկսվել են նույն թվականի փետրվարի 24-ին, իսկ մայիսի 20-ին Արցախի թեմի կառավարիչ Զավեն վարդապետի գլխավորությամբ տեղի է ունեցել հիմնօրհնեքը: Դպրոցի կանոնադրության մեջ նշվում է, որ կրթօջախը «…կառավարուելու է հայոց եկեղեցական ծխական կամ միջնակարգ դպրոցների կանոնադրութեամբ, բոլոր առարկաների դասաւանդութիւնը լինելու է անպայման Հայ լեզուով, բացի Ռուսաց լեզվից, Ռուսաց պատմութեան և աշխարհագրութեան դասերից…»: Դպրոցի հոգաբարձության նախագահն էր Արցախի թեմի առաջնորդը: 1915 թ. դպրոցն արդեն ունեցել է 11 ուսուցիչ և 320 աշակերտուհի: 1917 թ. վեցամյա դասընթացով գործող ուսումնական հաստատությունը գործել է լրիվ միջնակարգի դասընթացով:
Տիրացու Գայանե Դանիելյանի երկսեռ դպրոց. 1873 թ. այս դպրոցը գործել է Շուշիի Վերին թաղի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գավթում և ուներ 15 աշակերտ (10-ը` աղջիկ):
Հայկական մասնավոր դպրոցներ. հայտնի է, որ 1881 թ. քաղաքում գործել են նաև մի քանի մասնավոր կրթօջախներ՝ Ա. Բաղդասարյանի (29 աշակերտ), Ա. Պարոնյանի (40 աշակերտ), Ա. Տեր-Գրիգորյանի (30 աշակերտ), Ա. Տեր-Հովհաննիսյանի (35 աշակերտ) և Վ. Շախունցի (30 աշակերտ) դպրոցները:
Թողնել պատասխան