ՀՀ—ն ու Ադրբեջանը վերջին օրերին խստացրել են իրենց հռետորաբանությունն`այն դարձնելով ավելի անզիջում ու միմյանց վախեցնելուն ուղղված:
ՀՀ պաշտպանության նախարարն ու ՊԲ հրամանատարը ադրբեջանական կողմին ուղղված հստակ մեսիջներ ուղարկեցին`հայկական կողմը չի ցանկանում պատերազմ, սակայն այն սկսվելու պարագայում չի լինելու միայն պաշտպանվողի կարգավիճակում:
ԼՂՀ ՊԲ հրամանատարն անգամ հայտարարեց ադրբեջանական տնտեսական ենթակառուցվածքներին հարվածելու մասին`ենթադրվում է, որ խոսքը թե նավթագազամուղերի, թե ռազմավարական նշանակության այլ օբյեկտների մասին է:
Ռազմական հռետորաբանության ուժեղացումը խոսում է այն մասին, որ ղարաբաղյան բանակցային գործընթացում առկա է վտանգավոր վակուում, որը կարող է լցվել ռազմական գործողություններով`մեծ կամ փոքր մաշտաբի: Ադրբեջանական ու հայկական կողմերի անգամ հերթական հանդիպումը`նախագահների մակարդակով կամ վարչապետ/նախագահ մակարդակով բանակցությունները դժվար թե կտրուկ փոփոխություն մտցնեն փակուղային իրավիճակից ելք գտնելու առումով:
ՀՀ-ն հստակ հայտարարել է, որ չի բանակցելու Արցախի փոխարեն`վճռորոշ ձայնը բանակցություններում պատկանում է արցախահայությանն ու նրա իշխանություններին, իսկ Ադրբեջանը չի ցանկանում ԼՂՀ-ին տեսնել բանակցային սեղանի շուրջ`դա նրանց համար կարմիր գիծ է, որ Բաքուն չի պատրաստում անցնել:
Ադրբեջանը կողմ է նախկին`ՀՀ-Ադրբեջան բանակցային ֆորմատի պահպանմանն ու մադրիդյան սկզբունքների կյանքի կոչմանն`այն էլ տարածքների ու փախստականների վերադարձի մասով, իսկ Արցախի կարգավիճակը իրենց տեսանակյունից չի կարող լինել Ադրբեջանի կազմից դուրս`Ալիևը բազմաթիվ անգամ հայտարարել է այդ երկրի կազմում Լեռնային Ղարաբաղի միայն բարձր ինքնավարության կարգավիճակի մասին:
Բաքուն ունի և առաջ է քաշում մաքսիմալիստական դիրքորոշում`կամ ամեն ինչ`կամ պատերազմ բանաձևով: Հայկական կողմի համար միակողմանի զիջումներն`այն էլ ապրիլյան քառօրյայից հետո անընդունելի են: Այսպիսի բանակցային մթնոլորտի պարագայում միակ ելքը կարծես թե պատերազմն է, որը նոր ստատուս-քվո կբերի տարածաշրջանին ու ղարաբաղյան հարցում կարող է մտնել որոշակիություն:
Սակայն լայնածավալ ռազմական գործողությունները կարող են կանխվել Մինսկի խմբի ու հատկապես ՌԴ-ի կողմից, որի համար ազգային անվտանգության սպառնալիք է իր հարավային սահմանների երկայնքով մինչև ատամները զինված պետությունների միջև պատերազմ, որը նախիջևանյան ճակատի ներգրավման կամ ՀՀ-ի տարածքի դեմ գործողությունների դեպքում կարող է վերածվել տարածաշրջանային պատերազմի`ռուսական ու թուրքական զորքերի միջամտությամբ:
Արցախյան նոր պատերազմը կարող է վերածվել proxy war-ի`Մոսկվայի ու Անկարայի միջև: http://verelq.am
Թողնել պատասխան