Արմեն Գրիգորյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները

16269433178035

Պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել համաշխարհային մակարդակում՝ հակամարտությունների գոտիներում բնակվող մարդկանց պատվաստանյութով ապահովելու համար։ Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո անցկացվող Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումում։

Արմեն Գրիգորյանը շեշտել է, որ անտեսելով համավարակի ընթացքում համաշխարհային զինադադարի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը և դրան հաջորդած՝ Անվտանգության խորհրդի 2532 բանաձևը, անցյալ աշնանը Ադրբեջանը, Թուրքիայի և Սիրիայի ու Լիբիայի զինյալ ահաբեկիչների անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ, լայնամասշտաբ ագրեսիա է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ՝ հանգեցնելով հազարավոր զոհերի, տասնյակ հազարավոր վիրավորների, տեղահանվածների՝ պատճառելով նյութական կորուստներ և վնասելով ենթակառուցվածքները: Լեռնային Ղարաբաղի մի շարք շրջաններ, որոնք բռնագրավվել են ուժի կիրառման արդյունքում, էթնիկ զտման են ընթարկվել, իսկ բնակչությունը դարձել է ռազմական հանցագործությունների և զանգվածային վայրագությունների զոհ:

«Ադրբեջանը ուժ գործադրեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճնշելու համար` խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, որը, ի թիվս այլոց, հստակ սահմանում է, որ բոլոր միջազգային վեճերը պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով»,-ասել է Գրիգորյանը:

Ելույթում նաև նշվել է, որ արգեսիայի 44 օրվա ընթացքում ադրբեջանական բանակը թույլ է տվել միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ, այդ թվում` միջազգային մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքների, միտումնավոր և համակարգված թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես` դպրոցները, հիվանդանոցները, ծննդատները, կապի միջոցները, ինչպես նաև վանդալիզմի ենթարկել և ոչնչացնել հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը:

ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի խոսքով՝ մինչ օրս Ադրբեջանը շարունակում է իր ոտնձգությունները հրաժարվելով վերադարձնել գերության մեջ գտնվող հայ ռազմագերիներին, տարածքային պահանջներ ներկայացնելով և փորձելով զավթել ՀՀ ինքնիշխան տարածքները և արգելափակել միջազգային մարդասիրական ջանքերի մուտքը Արցախ:

«Այս սադրանքները պետք է արժանանան միջազգային հանրության պատշաճ արձագանքին: Մարդասիրական առաքելությունների, և հատկապես ՄԱԿ-ի՝ Լեռնային Ղարաբաղ մուտքը պետք է արագ և անվերապահ կերպով ապահովվի»,-ասել է Գրիգորյանը:

Նա կոչ է արել հավելյալ միջազգային ջանքեր գործադրել` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը խթանելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական լուծման շուրջ քննարկումները շարունակելու համար:

Դիտումների քանակը: 4074
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին