Արմեն Սարգսյան — «Շնորհավորում եմ Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ»

Այսօր լրանում է Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակը: Այդ կապակցությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել ժողովրդին: Ուղերձում մասնավորապես ասված էր.
«Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,
Սիրելի հայրենակիցներ Արցախում և Սփյուռքում,
Շնորհավորում եմ Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ:
30 տարի առաջ, 1990թ. օգոստոսի 23-ին, արտաքին և ներքին աննախադեպ բարդ պայմաններում, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին։
Այն ազդարարում էր մեր ժողովրդի կյանքում պատմական նոր փուլի սկիզբը:
Այն երազանքը, որ անթեղված էր մեր մեջ Հայաստանի առաջին հանրապետության անկումից հետո, նորովի կյանք առավ՝ հիմք դնելով այլևս անշրջելի մեր անկախության ճանապարհին:
Օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագիրն ուղեկցեց հայ ժողովրդին դեպի սեպտեմբերին 21-ի անկախության հանրաքվե, դեպի իրական անկախ Հայաստան:
Արդեն երեք տասնամյակ ընթանում ենք այդ ճանապարհով՝ մեր դարավոր երազանքներն ու իղձերն իրագործելով:
Այսօր մենք անկախ պետություն ենք, որն ունի փորձությամբ ու հաղթանակներով կերտված կենսագրություն, այն շարունակաբար զարգացնող քաղաքացի, այն պաշտպանող բանակ:
Հայաստանի անկախության հռչակագիրը անանց փաստաթուղթ է, որովհետև դրանով հռչակված անկախությունն ինքը անանց ու անսակարկելի արժեք է:
Անկախության հռչակագիրը հայ պատմաքաղաքական մտքի արժեքավոր նմուշ է, որ դարձավ պետականության վերականգնման խորհրդանիշ և մեր բոլոր սահմանադրությունների անփոփոխելի հիմքը:
Կեցցե՛ անկախ Հայաստանը:
Կեցցե՛ մեր ժողովուրդը:»

Դիտումների քանակը: 4365
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին