Արցախի Հանրապետությանը տոնում է Անկախության 29-րդ տարեդարձը

Արցախի անկախության օր
Այսօր, սեպտեմբերի 2-ին լրանում է Արցախի Հանրապետության Անկախության հռչակման 29-րդ տարեդարձը: Հետադարձ հայացք ձգելով մեր անցած

 ճանապարհին, ակնհայտ երևում է, թե ինչպիսի ծանր, անհույս թվացող, բայց և հերոսական էր 1991 թվականն արցախցու և ինչու չէ ողջ հայության համար: Այս տարիներին հայ միասնությունն անցել է բազում խոչնդոտներով լի ճանապարհ, սակայն ունենալով հավատք ազատության գաղափարին նա վստահորեն է անցնում այդ ուղին:
Երբ 1991 թվականի օգոստոսին ձախողվեց հեղաշրջման փորձը Մոսկվայում, Խորհրդային Միության փլուզումն ավելի արագացավ: Խորհրդային բոլոր հանրապետությունների համար արդեն դարձավ ակնհայտ, որ կայսրության դե յուրե գոյությունը շաբաթների ու ամիսների հարց է ընդամենը: Խորհրդային 15 հանրապետություններից միայն վեցը՝ բալթյան երեք երկրները՝ Լատվիա, Լիտվա, Էստոնիա, ինչպես նաև Մոլդովան, Վրաստանը և Հայաստանը, իրենց անկախությունը հռչակել էին նախքան 1991թ. օգոստոսը: Հատկանշական է, որ մյուս ինը հանրապետությունները, այդ թվում նաև Ադրբեջանը, անկախություն հռչակեցին միայն օգոստոսյան ձախողված հեղաշրջման փորձից հետո:
1991թ.օգոստոսի 30-ին տեղի ունեցած Ադրբեջանի անկախության հռչակումից հետո արցախցին կանգնեց փաստի առաջ: Հայաստանն իր անկախությունը հռչակել էր 1990թ. օգոստոսի 23-ին, Խորհրդային Հայաստանի, այսինքն շուրջ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա՝ առանց Արցախի կամ ինչպես ընդունված էր ասել՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ): Եվ 1991թ. սեպտեմբերին 21-ին, երբ տեղի ունեցած Հայաստանի Անկախության հանրաքվեն ևս անցկացվեց 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա՝ առանց Արցախի: Այսպիսով, 1991թ. Մոսկվայի օգոստոսյան խռովության օրերին Արցախը դե յուրե Հայաստանի մաս չէր, իսկ դե ֆակտո պատերազմի վայր էր հայերի ու ադրբեջանցիների միջև: Դա էլ հիմք հանդիսացավ, որ Արցախին էլ հռչակեր իր անկախությունը: Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը: Ընդունվեց հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին` հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը: Այդ օրենքի առանցքը ԽՍՀՄ կազմից դուրս գալու հանրաքվեի գաղափարն էր: Եթե միութենական հանրապետությունը ցանկանում է դուրս գալ ԽՍՀՄ կազմից, ինչը թույլատրում էր այդ ժամանակվա սահմանադրության 72-րդ հոդվածը, ապա ընթացակարգը հանրաքվեն է` ժողովրդական քվեարկությունը: Այսպիսով, Արցախն իր անկախությունը հռչակեց դե յուրե գոյություն ունեցող Խորհրդային Միության օրենսդրության տառին ու ոգուն համապատասխան՝ չխախտելով որևէ օրենք և ընթացակարգ: Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության։
Այսպիսով, Արցախն իր անկախությունը հռչակեց դե յուրե գոյություն ունեցող Խորհրդային Միության օրենսդրության տառին ու ոգուն համապատասխան՝ չխախտելով որևէ օրենք և ընթացակարգ և մեծ սպասումներով է նայում աշխարհին նրա կողմից դե յուրե ճանաչման համար:
Arcakh24.info լրատվական կայքի ողջ անձնակազմի անունից ևս շնորհավորում ենք բոլորիս անկախության տոնի առթիվ, մաղթելով խաղաղություն և բարեկեցություն:
Դիտումների քանակը: 5680
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին