Ռուսաստանին հակամարտությունում ներգրավելու փոխարեն պետք է խոսել Թուրքիային բացառելու մասին․ Արմեն Սարգսյան

France-24

Հայաստանի Հանրապետության նախագահի համոզմամբ՝ ղարաբաղյան հակամարտությունում Ռուսաստանի ռազմական ներգրավվածության անհրաժեշտություն չկա, քանի որ Լեռնային Ղարաբաղի հայերն արդեն իսկ ապացուցել են, որ կարող են պաշտպանել իրենց երկիրը: Այդ մասին Արմեն Սարգսյանը հայտարարել է France-24-ին տված հարցազրույցում:

Նման անհրաժեշտության մասին լրագրողի հարցին Սարգսյանն արձագանքել է. — «Բնավ ոչ: Առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հայերն արդեն իսկ ապացուցել են, որ կարող են պաշտպանել իրենց երկիրը: Դա ապացուցել են նույնիսկ 1990-ականներին առաջին պատերազմի ժամանակ: Երկրորդ, պետք չէ ներգրավել Ռուսաստանին կամ որևէ այլ երկիր: Ռուսաստանին ներգրավելու փոխարեն մենք պետք է խոսենք Թուրքիային բացառելու մասին, որն այս հարցում կործանարար դեր ունի։ Լեռնային Ղարաբաղում մարդիկ ապրում են իրենց հայրենիքում: Նրանք քրիստոնեություն են ընդունել 301 թվականին, երբ Ադրբեջանն ու Թուրքիան չկային: Նրանք շարունակում են պաշտպանել իրենց հողը, ընտանիքն այն դեպքում, երբ Թուրքիան ուրիշ մոտեցում և գաղափարներ ունի: Թուրքիայի գաղափարները կապված չեն միայն Լեռնային Ղարաբաղի հետ: Դրանք նաև ուղերձներ են Հայաստանին, հայերին ամբողջ աշխարհում, ինչպես նաև Եվրոպային», — նշել է Սարգսյանը:

Բացի այդ Սարգսյանը շեշտել է նաև, որ «Թուրքիայի իրական մտադրությունը, և սա ասում են նաև շատ վերլուծաբաններ, ամենայն հավանականությամբ, այն է, որ նա ցանկանում է լինել և մնալ Ադրբեջանում՝ էներգետիկ հոսքերը կառավարելու համար: Վերջին տարիներին Թուրքիան փորձում է կառավարել էներգետիկ աղբյուրները Կասպից ծովում, Կենտրոնական Ասիայում, որոնք ձգվում են մինչև Եվրոպա: Ցանկանում է ինչ-որ կերպ Եվրոպային դարձնել պատանդ, ինչպես դա արեցին փախստականների դեպքում»:

Այն հարցին, թե յոթ շրջանները կարող են դրվել բանակցությունների սեղանին, թե ոչ, նախագահը պատասխանեց. — «Այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը քննարկում է ունենալու: Հույս ունեմ, որ այդ հանդիպումից հետո հայտարարություն կլինի, որով ճնշում կգործադրվի Թուրքիայի վրա, որպեսզի նա դադարեցնի իր ներգրավվածությունը: Ակնկալում եմ, որ ՆԱՏՕ-ն, Եվրոպական միությունը ճնշում գործադրեն Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու պատերազմը և սկսելու հրադադար: Այն պահին, երբ հրադադար լինի, ամեն ինչ սեղանին է: Դա է հենց Մինսկի խումբ ունենալու ողջ իմաստը՝ երեք համանախագահներով, որոնք բանակցում են ամեն ինչի մասին, այդ թվում՝ յոթ շրջանների, հինգ շրջանների մասին, և վերջապես՝ ամենակարևորը՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը: Ամեն ինչ բանակցությունների սեղանին է: Սակայն մեկ բան հստակ է՝ պետք է դադարեցնել պատերազմը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»:

Դիտումների քանակը: 4295
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին