Ըմբշամարտի հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Տոկիո 2020-ի կիսաեզրափակիչ գոտեմարտում 4։1 հաշվով հաղթեց Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավին։ Նա կշարունակի պայքարը ոսկե մեդալի համար։
Առաջին մրցափուլի միջնամասում գյումրեցի ըմբիշը մրցակցի պասիվության համար ստացավ մեկ միավոր ու պարտերում վերևից աշխատելու հնարավորություն, սակայն Սարավին հաջող պաշտպանվեց և Ալեքսանյանին թույլ չտվեց գլորում կատարել: Առաջին մրցափուլում գրանցվեց 1:0 հաշիվը:
Երկրորդ մրցափուլում պարտերում վերևից աշխատելու հնարավորություն ստացավ իրանցի ըմբիշը և հաշիվը հավասարվեց՝ 1:1: Արթուր Ալեքսանյանն անթերի պաշտպանվեց պառկած դիրքից, և ըմբիշները պայքարը շարունակեցին կանգնած: Օլիմպիական չեմպիոնը շատ ակտիվ էր, ինչից հետո մրցակիցը դարձյալ հայտնվեց պարտերում: Արթուր Ալեքսանյանը բարձրացրեց մրցակցին, վաստակեց 2 միավոր, սակայն ոտքի մկանը ձգեց այդ պահին: Մինչ հայ ըմբիշը բուժօգնություն էր ստանում, Իրանի թիմի մարզիչները բողոքարկեցին և պարտվեցին, ինչից հետո հաշիվը դարձավ 4:1: Այդ հաշիվը պահպանվեց մինչև գոտեմարտի ավարտը:
Օգոստոսի 3-ին կայանալիք երափակիչում 29-ամյա Արթուր Ալեքսանյանի մրցակիցը կլինի աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 28-ամյա ռուսաստանցի Մուսա Եվլոևը:
Թողնել պատասխան