Այն, ինչի ենթարկվում են հայերն Ադրբեջանի կողմից, ցեղասպանություն է. Լեմկինի ինստիտուտ

Screenshot_20230920-121418_Drive

Հայերի դեմ հարձակումն իրականացվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան վարչակարգի կողմից։ Այդ մասին հայտարարություն է տարածել Լեմկինի ինստիտուտը X-ի միկրոբլոգում։

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտն ահազանգ է հնչեցրել Արցախում ապրող հայերի համար, որոնք Ադրբեջանի կողմից լայնածավալ հարձակման են ենթարկվում։

«Արցախի բնակիչներն այժմ բախվում են ոչ միայն սովի և դրանից բխող բժշկական արտակարգ իրավիճակների՝ Ադրբեջանի կողմից 9–ամսյա պաշարումից հետո, այլ նաև մահանալու վտանգի՝ քաղաքացիական հատվածներին հասցված ավիահարվածների, անօդաչու թռչող սարքերի հարվածների և զանգվածային գնդակոծության հետևանքով։ Ադրբեջանի ռազմական հարձակումը տեղի ունեցավ ընդամենը մեկ օր այն բանից հետո, երբ Արցախը, ի վերջո, ստիպված եղավ թույլ տալ 2023 թ. հունիսի 15–ից ի վեր առաջին օգնության առաքման մուտքն Աղդամի ճանապարհով»,– նշված է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունում։

Ինստիտուտից ընդգծում են, որ աշխարհը պետք է դիմակայի ադրբեջանական ագրեսիային և այս պահի հրամայականն է, որպեսզի հզոր ղեկավարները և պետությունները դեմ կանգնեն Ադրբեջանին և հստակ ցույց տան, որ հայերի դեմ հետագա ագրեսիա չեն հանդուրժի, և որ դրա դեմ կօգտագործվեն ցեղասպանության կանխարգելման գործիքակազմի բոլոր հասանելի տարբերակները։

«Եթե նման բան չարվի, ապա արդյունքում այդ ղեկավարները և պետությունները պատասխանատու կլինեն ցեղասպանությանը մեղսակցելու համար։ Ադրբեջանին չդիմակայելը կարող է նաև հանգեցնել սրացման, որը կբերի ոչ միայն արցախահայության լիակատար ոչնչացման, այլև տարածաշրջանում ավելի լայն պատերազմի, քանի որ Ադրբեջանը և նրա դաշնակից Թուրքիան տարածքային հավակնություններ են հետապնդում Հայաստանի հարավում և Իրանի հյուսիսում»,– նշված է հայտարարությունում։

Լեմկինի ինստիտուտից նաև նշում են, որ ցեղասպանության կանխարգելման հարցերով զբաղվող բոլոր փորձագետները կասկած չունեն՝ այն, ինչի ենթարկվում են հայերն Ադրբեջանի կողմից, ցեղասպանություն է։

Այն, ինչի ենթարկվում են հայերն Ադրբեջանի կողմից, ցեղասպանություն է. Լեմկինի ինստիտուտ

Դիտումների քանակը: 3858
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին