Բաքուն կրկին ՀՀ Սահմանադրության փոփոխության հարց է բարձրացնում

ՀՀՍ

«Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական և հարատև խաղաղության պայմանագրի կնքման գլխավոր պայմանն Ադրբեջանին ներկայացվող տարածքային պահանջների դադարեցումն է»։ Այսօր արձագանքելով Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ նշել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն՝ մեղադրելով պաշտոնական Երևանին, որ այդ տարածքային պահանջներն «ամրագրված են Հայաստանի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, առաջին հերթին Հայաստանի սահմանադրության տեքստում, որը բացահայտ հղում է կատարում «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորմանը կոչ անող Անկախության հռչակագրին»։

«Հայաստանի ԱԳՆ-ի նման տրամաբանությունը, որը ձգտում է անտեսել այս խնդիրը, վկայում է, որ այդ երկիրը հարատև խաղաղություն հաստատելու ցանկություն չունի և միայն փորձում է նման իրավիճակը պահպանել որպես պահեստային տարբերակ՝ հետագայում Ադրբեջանի դեմ ագրեսիայի վերսկսման համար», — հայտարարել է Հաջիզադեն։

Վերջինս նաև կարծիք է հայտնել, որ հայկական կողմը միայն խոսքով է կատարում իր ստանձնած միջազգային պարտավորությունները և չի ցանկանում նպաստել խաղաղ գործընթացին։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի սահմանադրությունը և նրա փոփոխությունները Հայաստանի ներքին գործն են, շեշտելով՝ դրա շուրջ դեռևս 2018-ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում են որպես կոպիտ միջամտություն ՀՀ ներքին գործերին:

Այսօրվա հայտարարությամբ պաշտոնական Երևանը նշել էր՝ կարծում է՝ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր ագրեսիա սկսելու, խաղաղության պայմանագրի կնքումը վիժեցնելու մտադրություն ունի։ Արտգործնախարարությունն այսօր արձագանքել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության սպառնալիքին, թե «Հայաստանի ղեկավարությունը կրելու է Հարավային Կովկասում իրավիճակի սրման և պատերազմի նոր օջախի առաջացման ողջ պատասխանատվությունը»։ Գերատեսչությունից շեշտել են, որ մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է։

Դիտումների քանակը: 3669
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին