Գերմանիայի Բունդեսթագի մի շարք պատգամավորներ այցելել են Արցախ և իրենց աչքերով համոզվել, որ ադրբեջանաթուրքական դաշինքն ավերածություններ է գործում խաղաղ բնակչության շրջանում: Այդ մասին պատգամավորը նշեց Ստեփանակերտում րոպեներ առաջ ավարտված մամուլի ասուլիսի ժամանա: «Դա մեծ հանցագործություն է մարդկության նկատմամբ: Մենք կոչ ենք անում աշխարհի խորհրդարաններին՝ ոչ միայն խոսել, այլև գործել, պատժամիջոցներ կիրառել Արցախի վրա հարձակվող երկրների և նրանց զենք մատակարարողների նկատմամբ»,- ասել են պատգամավորները:
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեն մարդկության դեմ հանցագործություն է համարում Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության թիրախավորումը:
«Գերմանական մամուլն արդար ձևով չի ներկայացնում այս պատերազմը, այդ պատճառով կարևոր էր, որ մենք գայինք այստեղ և մեր աչքերով տեսնեինք իրականությունը: Մենք եղել ենք Շուշի քաղաքում ու տեսել, որ Ադրբեջանը թիրախավորել է եկեղեցին: Այսօր Ստեփանակերտում մեր աչքով տեսել ենք, որ բնակելի շենքերն են հրթիռակոծվել, որոնց մոտակայքում որևէ ռազմական տեխնիկա կամ օբյեկտ չի եղել: Մենք արձանագրել ենք, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ հարձակում է գործել Արցախի խաղաղ բնակչության վրա, ինչը մեծ հանցագործություն է մարդկության դեմ»,- ասաց պատգամավորը:
«Պետք է պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ, որ այս պատերազմը շուտ վերջանա: Խաղաղություն սիրող յուրաքանչյուր կազմակերպություն հիմա պետք է ձայն բարձրացնի ընդդեմ Ադրբեջանի: Մենք պատրաստ ենք գործել խաղաղության համար»,- նշեց Կոտրեն:
Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Քոյթերը Արցախում իրենց տեսածը որակեց որպես «դրոնային ցեղասպանություն»՝ հավելելով, որ ակնհայտ է Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների օգտագործումը:
«Շատ կարևոր է արձանագրել, որ սա փոքր կոնֆլիկտ չէ, այլ մեծ պատերազմ։ Մենք այստեղ ենք, որ եվրոպացիներին ցույց տանք իրականությունը։ Ուզում ենք փորձել լուծում գտնել Արցախի համար։ Մենք մտածում ենք, որ Մինսկի պրոցեսը չի գործելու։ Շատ մարդիկ դեռ պետք է հասկանան որն է խնդիրը Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Մեր աչքերով ենք տեսել, որ խաղաղ բնակավայրերն են հրթիռակոծել, օգտագործել են միջազգային արգելված զենքեր»,-ասաց նա՝ հավելելով, որ մտավախություն ունեն, թե հնարավոր է այստեղ նոր ցեղասպանություն կատարվի։
«Հիմա փորձում ենք արտերկրում բնակվողներին ցույց տալ, որ այստեղ փորձում են Արցախի բնակչությանը բնաջնջել, մենք փորձում ենք այնպես անել, որ աշխարհում բոլորը տեղեկանան իրականության մասին, դրա դեմ սկսեն քայլեր ձեռնարկել։ Մենք ուզում ենք, որ այս պատերազմը սանձազերծած կողմերի նկատմամբ սանկցիաներ կիրառենք»,-նշեց Քոյթերը:
Թողնել պատասխան