ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու մասին հրամանագրի նախագիծը։ Այդ մասին հաղորդում է ՀՀ նախագահի աշխատակազմը։
Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է, որ
«Առաջարկության կապակցությամբ Հանրապետության նախագահը խորհրդատվություններ և հանդիպումներ է ունեցել իշխանության ներկայացուցիչների, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ:
Հրամանագրի նախագիծն ուսումնասիրվել է Հանրապետության նախագահի աշխատակազմում, ամենայն մանրամասնությամբ քննարկվել է առաջատար իրավաբանների և անկախ փորձագետների հետ:
Իրավաբանների և փորձագետների տեսակետներն ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ հրամանագրի նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը»:
Սարգսյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ Հանրապետության նախագահը չի կարող պաշտպանել որևէ քաղաքական ուժի ու յուրաքանչյուր որոշում կայացնելուց առաջ հաշվի է առնում միայն համապետական և համազգային շահերով: Նա նշեց, որ դեմ է կադրային հաճախակի փոփոխություններին, առավել ևս երկրում առկա վիճակի համատեքստում:
Նշելով, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է չեզոքություն պահպանեն նա իր խոսքը շարունակել է հետևյալ կերպ՝
«Ակնհայտ է նաև, որ պատերազմով պայմանավորված՝ զինված ուժերի անձնակազմն այսօր ավելի քան երբևէ բոլորիս աջակցության և ուշադրության կարիքն ունի: Բանակի և անձնակազմի խնդիրների լուծումն առաջնային է և չի կարող որևէ պարագայում անտեսվել»:
Նա նաև դեմ արտահայտվեց կադրային հաճախակի փոփոխությունները:
Հիշեցնում ենք, որ հրամանագրի նախագիծը Հանրապետության նախագահին է ներկայացվել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և գլխավոր շտաբի ավելի քան չորս տասնյակ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների հայտարարությունից հետո, ռազմական դրության իրավիճակում, քաղաքական ճգնաժամի և անվտանգային լուրջ մարտահրավերների առկայության պայմաններում:
Թողնել պատասխան