Դատարանին պարզ չէ` Քոչարյանը պատգամավորի կարգավիճակ ունի՞, թե՞ ոչ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով այսօր նախատեսված նիստը հետաձգվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստի ժամանակ գործով դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարանին պարզ չէ` գործով ամբաստանյալ Քոչարյանն ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունի՞, թե՞ ոչ։

Հարցը կայանում է նրանում, որ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դատարանին է ներկայացրել «Հայաստան» դաշինքին պատգամավորական մանդատ տալու մասին ԿԸՀ որոշումը։

«ԿԸՀ֊ի մանդատներ բաշխելու որոշումից հետո երկրորդ երկուշաբթին ԱԺ նիստ պետք է գումարվի, որի ժամանակ էլ պետք է պատգամավորի իրավասությունը հաստատվի։ Քոչարյանի կարգավիճակի հարցի պատասխանը կարող է տրվել հուլիսի 26-ից հետո, հաշվի առնելով, որ կարող է նաև ՍԴ բողոքարկեն»,– նշեց Վարդևանյանը։

Գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը, սակայն, առարկեց` ասելով, որ պարզ չէ` ինչ են քննարկում, ինչի համար դատարանը ստացավ այդ փաստաթղթերը Քոչարյանի պաշտպանից։ Նրա խոսքով` դատարանը քրեական հետապնդում իրականացնող մարմին չէ, ուստի դատարանը չէ, որ պետք է որոշի` Քոչարյանի դեմ քրեական հետապանդում կարո՞ղ է իրականացնել, թե ոչ։

«Չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է գնալ ԱԺ ու խնդրել, որ համաձայնություն տան այս գործով ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, եթե ԱԺ–ն միայն քրգործ հարուցելու մասին կարող է համաձայնություն տալ»,–ասաց Բաղդասարյանը։

Դատավորը, սակայն, նշեց` իր համար դեռ պարզ չէ, թե Քոչարյանն ինչ կարգավիճակ ունի։ Դանիբեկյանն ասաց, որ ամեն դեպքում դատարանը պետք է դիմի ԱԺ` քրեական հետապնդում սկսելու համար, սակայն մինչ այդ դատարանը պետք է պարզի` տվյալ անձը կրո՞ւմ է պատգամավորի կարգավիճակ։

Քոչարյանի և Գևորգյանի կարգավիճակը պարզելու համար էլ դատական նիստը հետաձգվեց։ Այն տեղի կունենա օգոստոսի 3-ին, ժամը 13-ին։

Դիտումների քանակը: 4171
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին