Դավթյանը խոսել է Փառուխի և հրադադարի խախտումների մասին

Մինսկում կայացել է եռակողմ հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի միջև: Այդ մասին հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։

Համաձայն աղբյուրի քննարկվել են երեք երկրների դատախազությունների իրավասությունների շրջանակում Արցախի դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում առաջացած և դեռևս առկա հումանիտար-իրավական հիմնահարցերի լուծման նոր հնարավորություններ գտնելու, 2021թ. ընթացքում նույն ձևաչափով երկու նախորդ հանդիպումների ընթացքում օրակարգային առանձին հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն առնչվող խնդիրները:

«Կողմերն ընդգծել են գլխավոր դատախազների եռակողմ ձևաչափի պահպանման կարևորությունը որպես տարածաշրջանում կայունության և օրինականության, լարվածության թուլացման և բնակչության առաջնային կենսական իրավունքների և անվտանգության ապահովման նպատակով իրավական ոլորտում շփումները շարունակելու գործուն հարթակ»,- նշում են ՀՀ դատախազությունից՝ հավելելով, որ հանդիպմանը շեշտվել է հրադադարի հաստատման մասին 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հումանիտար պահանջների ամբողջական կատարման ուղղությամբ ՌԴ գլխավոր դատախազության և անձամբ ՌԴ գլխավոր դատախազի հետևողական ջանքերը:

Դավթյանը նշել է, որ նախորդ եռակողմ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությանը չեն կատարվել, մասնավորապես հրադադարի հանցավոր խախտումները շարունակվել են, որոնց արդյունքում եղել են մարդկային կորուստներ, խաղաղ բնակչության համար ստեղծվել են կենսական իրավունքների իրացման, անվտանգության նոր սպառնալիքներ:

Որպես ակնառու օրինակ՝ ՀՀ գլխավոր դատախազը վկայակոչել է Փառուխ բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինուժի իրականացրած գործողությունները, որոնց արդյունքում հայկական կողմից զոհվել է 3 և մարմնական վնասվածքներ ստացել 16 զինծառայող: Դավթյանն ընդգծել է ինչպես Փառուխ գյուղում կատարված այդ գործողությունները, այնպես էլ հրադադարի կոպիտ խախտումների մյուս դեպքերը պատշաճ քննության առարկա դարձնելու անհրաժեշտությունը:

Դավթյանը բարձրացրել է հատկապես 2020թ. նոյեմբերի 10-ի հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության 8-րդ կետի անկատար մնալու հանգամանքը:

Նա նշել է, որ Ադրբեջանում անհիմն պահվող՝ ադրբեջանական կողմից հաստատված 38 անձանց շուտափույթ վերադարձը առանցքային նշանակություն ունի կողմերի միջև վստահության վերականգնման, տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման և անվտանգության երաշխիքների ձևավորման համար՝ հատուկ ընդգծելով եռակողմ հայտարարության հումանիտար պահանջները հայկական կողմից լիարժեք կատարված լինելու հանգամանքը:

Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն ռուսական կողմի միջնորդությամբ շարունակել բանակցությունները՝ հումանիտար խնդիրնեը սեղմ ժամկետներում և լիարժեք լուծելու նպատակով:

Դիտումների քանակը: 4023
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին