Նոյեմբերի 1-ը Արցախի խորհրդանիշ «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանի տեղադրման օրն է:
Արցախի խորհրդանիշ հանդիսացող «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը, որը փաղաքշորեն անվանում են նաև «Դեդո-բաբո», «Պապիկ-տատիկ», տեղադրվել է 1967 թվականին: Հուշարձանի քանդակագործը Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը: Ստեփանակերտի մուտքի մոտ՝ բլրի գագաթին գտնվող քանդակը պատրաստված է կարմիր տուֆից: Այն արցախյան հողում հայ ժողովրդի արմատների խորհրդանիշն է։ Հուշարձանն իրենից ներկայացնում է ավանդական տարազով տարեց արցախցի ամուսինների՝ ուս ուսի, հպարտ ու անհողդողդ կեցվածքով, սևեռուն հայացքով։ Կոթողը պատվանդան չունի։ Կարծես լեռնաբլուրը ճեղքվել է, և նրանք այդ ճեղքից բարձրացել, կանգնել են՝ ոտքերը ամուր դրած հայերի հողի մեջ:
Ավելի քան 40 տարի առաջ իտալական Կարարա քաղաքում կազմակերպված համաշխարհային ցուցահանդեսին նշանավոր հեղինակների արվեստի ստեղծագործությունների հետ միասին ներկայացված էին նաև վաստակավոր քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Սարգիս Բաղդասարյանի աշխատանքները։ Նրա ցուցադրած գործերից մեկին հետագայում վիճակվել էր դառնալ աշխարհահռչակ։ Այդ գործը հենց «Մե՛նք ենք մեր սարերը» քանդակն է։
Հուշակոթողի վերականգնումն ու տարածքի բարեկարգումն իրականացվել է վերջին տարիներին՝ գործարար Կարեն Ավագումյանի միջոցներով:
Թողնել պատասխան